ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Ադրբեջանի նախագահի՝ 2021-ի ապրիլին հնչած ելույթները՝ որպես հայատյացության ու թշնամանքի քաղաքականության վկայություն, ուղարկել է ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտե, ԵԽ-ի Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ հանձնաժողով, ՄԱԿ-ի եւ ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին եւ միջազգային մի շարք այլ մարմինների:
«Ուղարկված ելույթներում Ադրբեջանի նախագահը խոսում է ուժի ու սպառնալիքի լեզվով, օգտագործում է այնպիսի բառեր, որոնք նսեմացնում են ողջ հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության արժանապատվությունը, ահաբեկող բնույթի են, լարվածություն են առաջացնում հայկական հասարակությունում, եւ իր ելույթներով նա ընդգծում է ադրբեջանական ժողովրդի առավելությունները»,- ֆեյսբուքյան էջում գրել է Թաթոյանը:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած այս գործընթացը շարունակական է լինելու. Ադրբեջանի նախագահի ելույթներն ու ուղերձները ենթարկվում են հատուկ մշտադիտարկման:
Հայաստանի ՄԻՊ-ը նպատակ ունի ցույց տալու ադրբեջանական իշխանությունների ցեղասպան քաղաքականությունը, որը մարդու իրավունքների կոպիտ խախտումների պատճառ է, նոր դաժանությունների լուրջ սպառնալիք եւ վտանգում է խաղաղությունն ու անվտանգությունը: