Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի տարածքով Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի կառուցման հարցում տեղաշարժ կա: Ադրբեջանը ծրագրում է Զանգելանը կապել Արեւմտյան Զանգեզուրի, ապա նաեւ Օրդուբադի միջոցով՝ Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ։
Հայկական երկաթուղիները՝ ռուս-ադրբեջանական սակարկության առարկա
«Ինչպես հայտնի է, «Զանգեզուրի միջանցքի մասին» ասվում է նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության մեջ։ Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խմբի նիստերում այս հարցում շատ լուրջ քայլեր են ձեռնարկվել։ Կարող եմ վստահաբար ասել, որ երկաթուղային միջանցքը կբացվի»,- վստահեցրել է Ալիեւը։
«Հայկական երկաթուղիները պատկանում են Ռուսաստանին։ Այդ պատճառով մենք այդ հարցը քննարկում ենք ռուսական կողմի հետ»,- պարզաբանել է նա։
Ադրբեջանի նախագահը հավելել է, որ արդեն տրվել է Հորադիզ-Ագբանդ երկաթուղու կառուցման մեկնարկը, կառուցվելու է Օրդուբադից դեպի Հայաստանի հետ սահման 15-16 կիլոմետրանոց հատված: Նա նշել է, որ արդեն գործում է Նախիջեւանի երկաթգիծը, իրականացվում են ինչպես ուղեւորափոխադրումներ, այնպես էլ բեռնափոխադրումներ։ Իսկ Հորադիզ-Ագբանդ հատվածի շինարարությամբ կամբողջանա Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքի ենթակառուցվածքը:
Ինքնավարություն կամ անկախություն չի շնորհի
Az.TV-ի եթերում Ալիեւը հայտարարել է նաեւ, որ Ադրբեջանը երբեք ինքնավարություն կամ անկախություն չի շնորհի Ղարաբաղի հայերին․ «Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը որոշել ցանկացող երկրները պետք է իմանան, որ Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղ անվամբ տարածքային միավոր գոյություն չունի։ Թող իրենք իրենց երկրում մի տարածք հատկացնեն հայերին եւ ինքնավարություն կամ անկախություն շնորհեն նրանց։ Այդ տեղերը վաղուց գրավել է հայկական սփյուռքը: Եթե ցանկանում են, թող այնտեղ նրանց ինքնավարություն կամ անկախություն տան»:
Հայտարարությունը միայն հրադադարի համաձայնություն չէ
Ալիեւը պնդել է, որ Ղարաբաղի հարցը կարգավորվել է նոյեմբերի 10-ի համաձայնությամբ: «Երկրները, որոնք ցանկանում են որոշել Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը, կարծում են, թե այս համաձայնությունը չեղարկվե՞լ է: Այդ հայտարարությունը միայն հրադադարի համաձայնություն չէ: Տարբեր կետեր կան խնդրի կարգավորման համար: Եթե նոյեմբերի 10-ի համաձայնագիրը միայն հրադադարի մասին համաձայնություն լիներ, ապա ինչ է նշանակում հաղորդակցության ճանապարհների ապաշրջափակումը, որի մասին ասված է համաձայնության մեջ»,- ասել է նա:
Ալիեւը հայերին սպառնացել է չմտածել վրեժխնդրության եւ Հադրութն ու Շուշին հետ գրավելու մասին, քանի որ այդ դեպքում Ադրբեջանը ցույց կտա իր երկաթե բռունցքը:
Լավրովը համաձա՞յն է Ալիեւի հետ
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ եւս Ալիեւն անդրադարձել է այդ հարցին․ «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների մի մասը հետ գրավելու հայկական քաղաքական ուժերի հաղորդագրությունները վրեժխնդրության մասին են վկայում, ինչը շատ վտանգավոր է առաջին հերթին Հայաստանի համար»:
Լավրովը, անտեսելով Ալիեւի ելույթների սպառնալից ոճը, ասել է, թե 100 տոկոսով համաձայն է Ալիեւի հետ․ «Ոչ կառուցողական խոսելաոճը չի նպաստում հարցի լուծմանը: Մենք եւս փորձում ենք, որ երկու երկրների նախագահների եւ Հայաստանի վարչապետի միջեւ ձեռք բերված համաձայնություններն արդյունավորվեն»:
Ալիեւը պնդել է, թե ղարաբաղյան վերջին պատերազմը ցույց տվեց՝ «Ադրբեջանի հանդեպ ատելություն սերմանելը ինչի է հանգեցնելու: Այդ պատճառով մենք մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին խնդրում ենք մեզ հետ համագործակցել տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու համար»:
Սահմաններին առնչվող հարցերը լուծելի են
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմամբ։ Հարավային Կովկասում տրանսպորտային հանգույցի ստեղծման հարցերը կնպաստեն հարաբերությունների բարելավմանը։ Լավրովն ընդգծել է՝ դա պոտենցիալ շատ լուրջ տրանսպորտային հանգույց է, որի նշանակությունը դուրս է գալիս տարածաշրջանային շրջանակներից։
«Կարծում ենք, որ ձգձգված հակամարտության լուծմանը միտված օպտիմալ միջավայր ստեղծելու համար պետք է համատեղ կենտրոնանալ խնդրի տնտեսական կողմի վրա» ,- նշել է Լավրովը։
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ տարածաշրջանում սահմաններին առնչվող հարցերը լուծելի են` չնայած դրանց բարդությանը, եւ որ դիվանագետների մասնակցությամբ ռազմական փորձագետները փոխադարձ ընդունելի լուծումներ կգտնեն։
«Երախտապարտ ենք մեր խաղաղապահների դերը բարձր գնահատելու համար։ Ամեն ինչ անելու ենք, որ հարաբերությունները կառուցվեն ռազմական լուծումները բացառելու պայմանով։ Հիմա պետք է զբաղվել «հողային» դետալներով։ Կան սահմանագծման, սահմանազատման հարցեր։ Հեշտ չէ, բայց մեր համոզմամբ ամեն ինչ լուծելի է։ Դիվանագետների մասնակցությամբ ռազմական փորձագետները կարող են պայմանավորվել փոխընդունելի հանգուցալուծումների շուրջ»,- ասել է Լավրովը Ալիեւի հետ հանդիպմանը։
2018-ի ապրիլն ու Նախիջեւանի ռազմափորձը
Az.TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ալիեւն անդրադարձել է նաեւ իր հոր՝ Հեյդար Ալիեւի ծննդյան տարելիցի առիթով Նախիջեւան կատարած այցին։ «Այսօր կարող ենք ասել, որ Նախիջեւանի բանակի ռազմական սարքավորումներն ավելի արդիական են որոշ առաջադեմ երկրների սպառազինության համեմատությամբ։ Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ Նախիջեւանում կան Ադրբեջանի բանակի համար գնված արտասահմանյան ռազմական տեխնիկայի մեծ մասի օրինակներ»:
Ալիեւն ասել է. «Երեք տարի առաջ տեղի ունեցած զորավարժությունը ցուցադրեց Նախիջեւանի բանակի մարտունակությունը: Այդ գործողությունը համընկավ Հայաստանում իշխանափոխության հետ, եւ Հայաստանի նոր կառավարությունը քողարկեց այդ ռազմափորձը: Մենք էլ այդ մասին չբարձրաձայնեցինք: Քանի որ մեզ իրական աշխատանք է պետք: Մենք այդ գործողության ընթացքում գրավեցինք շատ կարեւոր ռազմավարական բարձունքներ եւ մաքրեցինք այդ բարձունքները հայկական բանակից: Այս ռազմավարական բարձունքները մեզ հնարավորություն են տալիս լիարժեք վերահսկել տրանսպորտային ուղիները եւ Հայաստանից Ղարաբաղ տանող ճանապարհը: Ղարաբաղյան վերջին պատերազմում այս ճանապարհը վերահսկելով՝ կարողացանք կարեւոր տեղեկություններ ձեռք բերել»:
Նա հայտարարել է, որ Նախիջևանում տեղակայված արտասահմանյան զինտեխնիկայի մի մասը տարվել է Բաքու՝ չնշելով զենքի փոխադրման ուղին։
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը