Հիշո՞ւմ եք Վազգեն Սարգսյանի ելույթը ՀՀԿ համագումարում 1999-ի հունվարին. «Ես չեմ ուզում դառնալ նախագահ, ես չեմ ուզում դառնալ Ազգային ժողովի նախագահ, ես չեմ ուզում դառնալ վարչապետ, ես ուզում եմ մնալ պաշտպանության նախարար»:
Հինգ ամիս անց՝ հունիսին, Վազգեն Սարգսյանը Հայաստանի վարչապետն էր: Կարեն Դեմիրճյանը, որ 1998-ի նախագահական կեղծված ընտրություններից հետո չէր բողոքարկել դրանց արդյունքները, դարձավ Ազգային ժողովի նախագահ: Ռոբերտ Քոչարյանը երկրի նախագահն էր, եւ այն ժամանակ շատ տարածված էր նրան անվանել անգլիական թագուհի: Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի՝ իշխանությունը փաստացի վերցնելուց հինգ ամիս անց տեղի ունեցավ Հայաստանի պատմության ողբերգական եւ արտառոց իրադարձություններից մեկը՝ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը:
1991-ից մինչեւ 2018-ի թավշյա հեղափոխությունը Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից միակը, որը հանրային ընկալման առումով համեմատաբար ազատ եւ անկախ կարելի է համարել, 1999-ի մայիսի 30-ին կայացած ընտրություններն էին՝ չնայած ընտրացուցակներում տեղ գտած ահռելի անճշտություններին, օլիգարխիայի եւ իշխանական ուժային կառույցների բացահայտ ներգրավմանը:
Խորհրդարանում տեղերի թիվը 190-ից նվազեցվել էր 131-ի` 75 մեծամասնական եւ 56 համամասնական: Ընտրություններն անցան հանդարտ, բայց նաեւ խանդավառ պայմաններում։ Ժողովրդի մի ստվար հատված հույսը կապում էր Դեմիրճյանի եւ Սարգսյանի հետ, որոնք ձեւավորել էին «Միասնություն» դաշինքը, եւ որի նախընտրական նշանաբանն էր՝ «Կառուցենք եւ պաշտպանենք»․ կառուցողը Դեմիրճյանն էր, պաշտպանողը՝ Սարգսյանը:
Կարեն Դեմիրճյանը 1998-ի նախագահական ընտրություններից հետո հիմնադրեց ՀԺԿ-ն՝ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը: Վազգեն Սարգսյանը գլխավորեց ՀՀԿ-ն՝ աջ նժդեհական կուսակցություն, որը հիմնադրել էր Աշոտ Նավասարդյանը: Փաստորեն, դաշինք էին կազմում խորհրդային տարիների քաղբանտարկյալի եւ Կոմկուսի առաջին քարտուղարի կուսակցությունները:
1999-ի մարտի 30-ին Ժողովրդական եւ Հանրապետական կուսակցությունների միջեւ ձեւավորվել էր դաշինք. Վազգեն Սարգսյանը անպարտելիության մարմնավորումն էր, Դեմիրճյանը` իմաստության, փորձառության եւ խորհրդային լավ, բարի ժամանակների: Պաշտպանության նախարարը, որը մեկ տարի առաջ վճռական դերակատարություն էր ունեցել ռազմական հեղաշրջման եւ Տեր-Պետրոսյանին պաշտոնանկ անելու գործում, իսկ նախագահական արտահերթ ընտրություններում պաշտպանել Քոչարյանին ընդդեմ Դեմիրճյանի, վերջինիս հետ ստեղծեց ուժեղ դաշինք:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի «Դիտորդ» հանդեսը գրեց, որ խորհրդարանական ընտրություններում ցայտուն խախտումներ չարձանագրվեցին: Հիմնականում վճռական դեր խաղացին ընտրակաշառքը եւ ընտրացուցակների բացթողումները: Այդ ընտրությունների արդյունքում խորհրդարան մտան մեծ թվով գործարարներ, եւ գործի դրվեցին ոչ այնքան իշխանական, որքան ֆինանսական լծակները: Սուր պայքար եւ մրցակցություն չարձանագրվեց: Իշխանությունը կրող Վազգեն Սարգսյանի եւ ժողովրդի կողմից թիվ մեկ ընդդիմադիր ընկալվող Կարեն Դեմիրճյանի դաշինքը բացառեց քաղաքական պայքարը:
Եղան ավելի կոշտ գնահատականներ եւ քայլեր: ՀՀՇ-ից ու Լեւոն Տեր-Պետրոսյանից 1997-ին հեռացած Էդուարդ Եգորյանը, որ հիմնադրել էր «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը, դիմեց Սահմանադրական դատարան՝ վիճարկելով համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները:
«Մեր երկրում հաստատված է ուժի եւ փողի իշխանություն, որը սկիզբ է առել 1994 թվականին, երբ ներքին գործերի նախարարությունը, ըստ էության, վերածվեց ընտրության նախարարության, պետական ռեկետի նախարարության: Այսօր էլ այդ գործելակերպը շարունակվում է: Եվ դրա դեմ պայքարի հետեւանքով քաղաքական թեւը 1995-ից ի վեր, ըստ էության, մղվել է երկրորդական ու երրորդական պլան: Այսօր մենք ունենք երեք հոգու իշխանություն` հանրապետության նախագահի, ներքին գործերի նախարարի եւ պաշտպանության նախարարի»,- գրեց Եգորյանը՝ նկատի ունենալով Քոչարյանին եւ Վազգեն ու Սերժ Սարգսյաններին:
Ընտրություններում հաղթեց «Միասնություն» դաշինքը՝ գրեթե 42 տոկոսով (448.133 քվե): Դաշինքի թեկնածուները, այդ թվում բազմաթիվ մականունավոր օլիգարխներ ու օդիոզ դեմքեր, ընտրվեցին մեծամասնական ընտրակարգով՝ աջ ու ձախ ընտրակաշառք բաժանելով: ՀՅԴ-ի կոլորիտային դեմքերից Վահան Հովհաննիսյանը այդ ընտրությունների ժամանակ էր, երբ կոչ արեց փող վերցնել, բայց ընտրել Դաշնակցությանը:
Երկրորդ տեղը զբաղեցրեց Հայկոմկուսը՝ ավելի քան 12 տոկոս կամ 130.161 քվե: Սրանք Հայաստանի պատմության վերջին ընտրություններն էին, որոնցում հաջողության հասան կոմունիստները եւ ունեցան ներկայություն խորհրդարանում:
Երրորդ տեղում՝ գրեթե 9 տոկոս (85736 քվե), «Իրավունք եւ միաբանություն» դաշինքն էր, որի մաս էին կազմում Արտաշես Գեղամյանի եւ Հրանտ Խաչատրյանի կուսակցությունները: Այս դաշինքի թիկունքում կանգնած էր Արցախի պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը, այն ժամանակ դեռ ամենակարող «կամանդույուշչին»:
Հայաստանի անկախության պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանական ընտրություններին մասնակցեց ՀՅԴ-ն՝ ստանալով 8.9 տոկոս (84.232 քվե): Հինգ տոկոսի շեմը դժվարությամբ հաղթահարեցին եւ խորհրդարան մտան եւս երկու կուսակցություններ՝ Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիրը», որը համարվում էր Սերժ Սարգսյանի նախագիծը, ինչպես նաեւ Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ն:
Վարչապետ Արմեն Դարբինյանի կողմից ստեղծված համարվող «Արժանապատիվ ապագա» կուսակցությունը, որը գլխավորում էր սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը, չկարողացավ մտնել խորհրդարան: Պարույր Հայրիկյանի ԱԻՄ-ը եւ նախկին իշխանական ՀՀՇ-ն եւս չկարողացան ներկայություն ունենալ Ազգային ժողովում, իսկ ամենաքիչ քվեներ ստացավ 1995-ին Վանո Սիրադեղյանի ստեղծած «Շամիրամը»: Ինքը՝ Սիրադեղյանը, որին Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հետապնդում էին, ընտրություններից առաջ վերադարձավ Հայաստան եւ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվեց հայրենի Տավուշից:
1999-ի հունիսի 10-ին բացվեց Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Կարեն Դեմիրճյանը, իսկ տեղակալներ՝ Ալբերտ Բազեյանը եւ Ռուբեն Միրոյանը:
Բազեյանի քաղաքապետ նշանակվելուց հետո` 1999-ի սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովի նախագահի տեղակալ ընտրվեց Յուրի Բախշյանը:
Այս տողերի հեղինակը միայն մեկ անգամ է լուսաբանել խորհրդարանի աշխատանքները, եւ դա եղել է հունիսի 10-ին: Կարեն Դեմիրճյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահ: Աչքիս առաջ Կարեն Դեմիրճյանի զինաթափող ժպիտն է եւ հոտնկայս ծափահարող խորհրդարանը: Միակ պատգամավորը Արտաշես Գեղամյանն էր, որ ոտքի չկանգնեց եւ չծափահարեց:
Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Դեմիրճյանը այցելեց Գերմանիա` Բունդեսթագի հիսունամյակի տոնակատարության կապակցությամբ, ինչպես նաեւ Թբիլիսի եւ Մոսկվա: Թբիլիսիում ԵԽԽՎ նախագահ լորդ Ռասսել Ջոնսթոնի նախագահությամբ տեղի ունեցավ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների` Դեմիրճյանի, Զուրաբ Ժվանիայի, Մուրթուզ Ալեքպերովի հանդիպումը: Մոսկվայում Դեմիրճյանը հանդիպեց վարչապետ Պուտինի հետ:
1999-ի հոկտեմբերի 27-ին` Ազգային ժողովի եռօրյայի վերջին օրվա նիստին` Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում, խորհրդարանի նիստերի դահլիճ ներխուժեցին հինգ զինված անձինք եւ կրակ բացեցին Ազգային ժողովի պատգամավորների ու կառավարության անդամների վրա: Զոհվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը:
Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով նոյեմբերի 2-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում ընտրվեց Ազգային ժողովի նոր ղեկավարություն: Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Արմեն Խաչատրյանը, իսկ տեղակալներ՝ Տիգրան Թորոսյանը եւ Գագիկ Ասլանյանը:
Ռիմա Դեմիրճյանի օրագրից՝ առանց մեկնաբանությունների
Ճիշտ օրը չեմ հիշում, սակայն դա հոկտեմբերն էր, Գերմանիայից վերադառնալուց հետո: Կարենը կանչեց ինձ ու Ստեփանին, Սամվելը Մոսկվայում էր, եւ ասաց, որ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է առաջարկություն` Ադրբեջանի սահմանից մինչեւ Նախիջեւան, Մեղրիի տարածքով ճանապարհ կառուցելու մասին:
Ես զարմացած էի, որ Կարենը տանը խոսում է Անվտանգության խորհրդի նիստի` պետական կարեւորագույն հարցերի մասին: Անվտանգության խորհրդի հաջորդ նիստի ժամանակ, որը տեղի ունեցավ Մոսկվայից Կարենի վերադառնալուց հետո, հոկտեմբերի 23-ին, շաբաթ օրը, Անվտանգության խորհրդի ութ անդամներից հինգը համաձայնել էին պլանի հետ, Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը դեմ էին, մեկը` ձեռնպահ:
Ըստ մեր վարորդի պատմածի` Կարենը եւ Վազգենը նիստից դուրս եկան հուզված եւ փոխված: Վազգենը` քաթանի նման գունատ, մոտեցավ իր մեքենային, նստեց եւ քշեց կատաղի արագությամբ: Կարենը, ընդհակառակը, կարմրատակած, ըստ երեւույթին՝ բարձր ճնշման հետեւանքով, նստեց մեքենան եւ վարորդին ասաց քշել Աշտարակ: Նա, երբ առանձնապես վատ էր լինում, հնարավորության դեպքում գնում էր դեպի բնություն, որպեսզի հանգստանա, հավասարակշռությունը վերականգնի: Անվտանգության խորհրդի առաջին նիստից անմիջապես հետո Կարենի տրամադրությունը կտրուկ փոխվեց: Տանը նա կարծես ուրիշ էր. պարփակվեց իր մեջ, դարձավ լռակյաց, կատակներ չէր անում, շատ անհանգիստ էր քնում, նույնիսկ սիրելի թոռնիկների հետ համարյա չէր շփվում: Այդպիսի վիճակում էլ մեկնեց Մոսկվա:
Այն, ինչը նա խնամքով ինձնից թաքցնում էր, Մոսկվայում ասել է եղբորը.
— Կամո, իմացիր, ինձ սպանելու են:
Այդ նույնը նա ասել է իրեն ուղեկցող Հրաչիկ Կարապետյանին: Նրա համառ խորհուրդներին` թիկնապահներ վերցնել իր հետ, Կարենը պատասխանել է.
-Եթե որոշեն սպանել, ապա ոչ մի թիկնազոր չի օգնի: Եվ հետո, ինձ, միեւնույնն է, սպանելու են:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։