Պաշտոնական այցով այսօր Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ խաղաղ բանակցությունները եւ երկխոսությունն այլընտրանք չունեն՝ նշելով, որ կորոնավիրուսն ու ղարաբաղյան պատերազմը դժվարություններ են առաջացրել ամբողջ տարածաշրջանում։
Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է, որ Վրաստանը միշտ եղել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության ու խաղաղ համագոյակցության կողմնակից, եւ այս կուրսը կշարունակվի նաեւ հետագայում։
Ղարիբաշվիլին ասել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել են համագործակցության բոլոր ուղղությունները՝ ընդգծելով, որ ինտենսիվ քաղաքական երկխոսություն պետք է ծավալվի, երկուստեք զարգացնեն առևտրատնտեսական հարաբերությունները, նոր նախագծեր քննարկեն, համագործակցեն տրանսպորտի, էկոնոմիկայի, նորարարությունների, մշակույթի ոլորտներում:
Հայաստանյան այցի շրջանակում Վրաստանի վարչապետը կհանդիպի նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Իրակլի Ղարիբաշվիլին հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի անունից Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պատվին պաշտոնական ընթրիք կտրվի:
Նշենք, որ Վրաստանի վարչապետը 44-օրյա պատերազմից հետո Հայաստան այցելած ամենաբարձրաստիճան օտարերկրացի պաշտոնյան է:
Ղարիբաշվիլին նախկինում Հայաստան է այցելել Վրաստանի վարչապետի կարգավիճակով` 2014-ին և 2019-ին, ինչպես նաեւ 2020–ին` որպես պաշտպանության նախարար: