Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ ՄԻԵԴ-ի պալատը, որին փոխանցվել են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» եւ «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» միջպետական բողոքները, գործը պատվիրակել է դատարանի Մեծ պալատին։
Հայաստանը բողոք է ներկայացրել 2020-ի սեպտեմբերի վերջին, Ադրբեջանը՝ 2020-ի հոկտեմբերի վերջին։
«Հայտարարություններն առավելապես վերաբերում են Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բռնության վերջին դրսեւորումներին եւ մեղադրանքներ են պարունակում այդ դեպքերի ընթացքում պատասխանող երկրների կողմից Կոնվենցիայի լայնածավալ խախտումների վերաբերյալ` ներառյալ քաղաքացիական անձանց վրա անկանոն հարձակումները, ինչպես նաեւ մասնավոր եւ հասարակական սեփականության եւ ենթակառուցվածքների վրա հարձակումները, մահապատիժները, զինծառայողների եւ խաղաղ քաղաքացիների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքն ու նրանց խեղումները, գերեվարումը եւ մարդկանց տեւական ժամանակ պահելն ու մարտական գործողություններով տուժած շրջաններում քաղաքացիական բնակչության բռնի տեղաշարժը»,-ասված է ՄԻԵԴ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Բողոքները Մեծ պալատի քննարկմանը հանձնելու որոշումն ընդունվել է մայիսի 11-ին, կողմերը դրա մասին տեղեկացված են եղել եւ առարկություններ չեն հայտնել:
ՄԻԵԴ-ի Մեծ պալատը կազմված է դատարանի նախագահից, փոխնախագահներից, սեկցիաների նախագահներից, ինչպես նաեւ ազգային դատավորից եւ դատավորներից, որոնք ընտրվել են ըստ վիճակահանության: