Աշխարհի ուշադրությունն այսօր ուղղված է դեպի Մերձավոր Արեւելք, որտեղ իրավիճակը սրված է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում: Արեւելագետ, ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան եւ ՀՀ նախկին փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ միշտ է այդպես եղել. «Պարզապես վերջին տարիներին այդ կարգավիճակը զիջվել էր, բայց միջազգային փորձագիտական շրջանակները համոզված են, որ այս կոնֆլիկտը բոլոր կոնֆլիկտների մայրն է, եւ այսօր տարածաշրջանը վերագտել է նախկին կարգավիճակը»: Գրիգոր Հովհաննիսյանը, որ աշխատել է նաեւ Մերձավոր Արեւելքում, այդ թվում՝ Պաղեստինյան ինքնավարությունում, «Ալիք մեդիա Հայաստան»-ի հետ հարցազրույցում մանրամասներ հայտնեց թեմայի մասին.
Այն, ինչ այսօր տեսնում ենք հեռուստատեսությամբ, էկրաններին, վերջին վեց-յոթ տարիներին կարծես անհետացել էր: Բայց իմ սերնդի, մի քիչ ավելի ավագ սերնդի համար այս պատկերները, այսպես ասած, «դեժավյու»-ներ են, կրկնվող տեսարաններ: Ժամանակ առ ժամանակ Երուսաղեմում տեղի են ունենում բախումներ, որոնց հետեւանքով երբեմն ավելի մեծ հակամարտություն է ձեւավորվում՝ դառնալով համաժողովրդական ընդվզում՝ Ինթիֆադա (պաղեստինյան ապստամբություն կամ դիմադրական շարժում), ինչպես արդեն եղել է երկու անգամ: Ես հույս ունեմ, որ այն, ինչ մենք տեսնում ենք, նոր Ինթիֆադայի սկիզբ չէ, համենայն դեպս դեռեւս հույսեր եմ փայփայում, քանի որ վերջին շրջանում երկու պետություն ստեղծելու կամ խաղաղ բանակցություններ վերսկսելու հեռանկարները վերակենդանացան, հատկապես Միացյալ Նահանգների նոր վարչակազմի ձեւավորումից հետո: Մի բան, որ Թրամփի վարչակազմի օրոք գրեթե չկար, եւ շատերն արդեն շտապում էին Օսլոյի համաձայնագրերը, որով ապագայում Պաղեստինյան պետություն պետք է ստեղծվեր, «վախճանված» համարել:
Իհարկե, այն, ինչ այսօր տեղի է ունենում, մեկ օրում չսկսվեց. էսկալացիայի առաջին նշաններն ի հայտ եկան, երբ չեղարկվեցին պաղեստինյան ընտրությունները: Պաղեստինում արդեն երկար տարիներ ընտրություններ տեղի չեն ունեցել, հին ղեկավարությունը Արաֆաթի մահից հետո գրեթե քսան տարի է՝ չի կարողանում թե՛ ներպաղեստինյան գործընթաց սկսել, թե՛ օրակարգային դարձնել բանակցությունները, վերադառնալ բանակցության սեղանի շուրջը: Այդ ընտրությունները, որ տեղի պիտի ունենային, չեղարկվեցին այն պատճառով, որ Իսրայելը բուն Երուսաղեմում արգելեց ընտրությունների անցկացումը: Սա առաջին անգամ էր, նախկինում պաղեստինյան ընտրությունները տեղի էին ունեցել թե՛ Գազայում, թե՛ Արեւմտյան ափում, թե՛ Երուսաղեմում: Արգելելով ընտրությունները՝ Իսրայելը կարծես թե ինքնաբերաբար Երուսաղեմը հանեց Պաղեստինյան ինքնավարության կազմից, ինչն աընդունելի էր պաղեստինցիների համար: Այնուհետեւ սկսվեց մեկ այլ գործընթաց, որը նոր չէ, բայց նոր թափ ստացավ, եւ ցավալին այն է, որ հենց ա՛յս համատեքստում վերսկսվեց: Արեւելյան Երուսաղեմի մի մասում հրեա վերաբնակիչները դատական գործընթաց սկսեցին, որի հետևանքով դատարանը որոշում կայացրեց Շեյխ Ջարահ թաղամասում տասնամյակներով բնակվող պաղեստինցիներին վտարել այդտեղից: Թաղամասն անմիջապես հարում է հին քաղաքին եւ տեղակայված է իսրայելա-պաղեստինյան՝ մինչեւ 1967 թվականը գոյություն ունեցած սահմանի («Կանաչ գծի») երկայնքով: Դատարանի որոշումը իրավական հիմքեր ուներ, քանի որ հայտնի է, որ մինչեւ 1948 թվականն այս տարածքները Բրիտանական Պաղեստինի մանդատի ժամանակ պատկանում էին հրեաներին: Սակայն 1948-ի պատերազմից հետո, երբ Արեւելյան Երուսաղեմն անցավ Հորդանանի վերահսկողության ներքո, այդ հողերը հատկացվեցին պաղեստինցի փախստականներին, որոնք 1948-ից հետո՝ գրեթե արդեն 80 տարի անընդմեջ ապրում են այդտեղ: Դատարանի որոշումն անսպասելի էր, քանի որ վտարման որոշումը վերաբերում էր ոչ թե Հորդանան գետի արեւմտյան ափին գտնվող ինչ-որ չբնակեցված տարածքի, այլ բուն արեւելյան Երուսաղեմի մասը կազմող ավանդական պաղեստինյան թաղերից մեկին: Նկատի ունենալով, որ Երուսաղեմի կարգավիճակի եւ պատկանելիության հարցը պաղեստինա-իսրայելական հակամարտության հիմքում են, դատարանի որոշումը ցնցումներ հրահրեց, մասնավորապես պաղեստինցիների շրջանում, այդ թվում՝ Գազայի հատվածում:
Չեմ կարծում, թե ինքնակամ լքեն, եթե նույնիսկ ուժ կիրառվի: Այս մարդկանց հավաքական հիշողության մեջ մխրճված է իրենց նախնիների հայրենիքի խորհուրդը, որն աստիճանաբար անհետացավ հրեական վերաբնակեցման հետեւանքով: Շեյխ Ջարահը խիտ բնակեցված թաղամաս է, որը երբեք խառը բնակչություն չի ունեցել: Եթե վերաբնակիչներին այնուամենայնիվ հաջողվի այստեղից վտարել պաղեստինցիներին, ապա հրեա նոր բնակիչների անվտանգության համար իսրայելական բանակը թաղամասում զինված ուժեր կտեղակայի` բաժանելով արեւելյան Երուսաղեմի այս հատվածը, եւ դա մշտական լարվածության աղբյուր կդառնա:
Դատարանի որոշումը համընկավ նաեւ Ռամադանի վերջին շաբաթվան եւ ավանդական դարձած «Երուսաղեմի վերամիավորման» տոնին: Վերջինի առիթով հրեա երիտասարդները եւ ռադիկալները հին քաղաքում եւ «Տաճարի լեռան» սրբավայրի մերձակայքում երթեր են կազմակերպում: Սա, արդեն իսկ լարված ֆոնին, բնականաբար, է՛լ ավելի սրեց իրավիճակը: Այսպիսի ուժգնությամբ ընդհարումներ վաղուց չէին եղել, գրեթե տասը տարի:
Շատ ցավալի է այն, ինչ տեղի է ունենում, կարծում եմ՝ գործողություններն ավելի մեծ թափով կզարգանան Գազայի հատվածում, որովհետեւ երեկ եւ նախորդ օրն այդտեղից արձակված հրթիռներն իրենց հանդգնությամբ եւ տեխնոլոգիական բարձր որակով լուրջ անհանգստություն են առաջացնելու (եւ արդեն առաջացրել են) Իսրայելում: Առաջին անգամ ենք տեսնում, որ երկու-երեք հրթիռ անմիջապես ընկնում է Իսրայելի Աշկելոն քաղաքի վրա, որ իսրայելական ամենամոտ քաղաքն է Գազայի հատվածին, եւ տագնապի ձայները լսվում են բուն Երուսաղեմում, ինչը երեւի առաջին անգամ է Ծոցի առաջին պատերազմից հետո, երբ Սադամ Հուսեյնը հրթիռներ էր արձակում: Կարծում եմ՝ իսրայելական քաղաքական դասը շատ կոշտ է արձագանքելու, շատ հնարավոր եմ համարում Գազայի հատվածում արդեն ոչ թե օդային հարվածներ, այլ Իսրայելի բանակի ներխուժում: Սա արդեն կլինի Գազայի չորրորդ պատերազմը, նորից ողբերգություն կարող է դառնալ, քանի որ գիտենք՝ առաջին պատերազմներն ինչ ողբերգություններ բերեցին:
Որքանով տեղյակ եմ, Հայաստանի ԱԳՆ-ն չի դատապարտել կողմերից ոչ մեկին, այլ մտահոգություն է հայտնել հակամարտության սրման կապակցությամբ: Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը կոնֆլիկտների կոնֆլիկտն է, որը կարող է ապակայունացնել մի ամբողջ տարածաշրջան: Իսկ միանշանակ դատապարտելը շատ բարդ է, որովհետեւ լարվածության հիմքում դատարանի որոշումն է, բայց խոսքն այստեղ քաղաքական գործընթացի մասին է եւ ո՛չ դատական: Եթե Իսրայելի պետությունն իրականացնի դատարանի որոշումը եւ վտարի պաղեստինցիներին Շեյխ Ջարահից, դա միջազգային լեգիտիմության հիմքերի խարխլում կլինի: Եթե Իսրայելը սղում է մինչեւ 1967-ը ձեւավորված սահմանները, բաժանարար գիծը, անտեսում է ստատուս քվոն (որի շրջանակում էլ պետք է ձեւավորվի Պաղեստին պետությունը) եւ այսուհետեւ շարունակելու է հրեականացնել արեւելյան Երուսաղեմը, միջազգային լեգիտիմության մեծ ճգնաժամ է լինելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած եւ այլ հիմնարար փաստաթղթերի շուրջ:
Մյուս կողմից Գազայից հրթիռային հարվածներն Իսրայելի խաղաղ բնակավայրեր նույնպես անընդունելի են, եւ այստեղ, ինչպես միշտ, կանգնելու ենք բարոյական, իրավական երկընտրանքի առջեւ: Տեսնենք՝ ինչ զարգացում կլինի. արդեն միջնորդության առաջարկներ կան թե՛ Ծոցից, թե՛ Եգիպտոսից, կարեւոր կլիներ, որ ԱՄՆ-ն նույնպես կարողանար դիրքավորվել որպես միջնորդ, մի բան, որ վեց-յոթ տարի է՝ չի արվում:
Բայդենի վարչակազմն ավելի ավանդական դիվանագիտություն է դրսեւորում այս պարագայում, մինչ այդ Թրամփի վարչակազմն ակնհայտ կողմնակալ էր, եւ այդ պատճառով պաղեստինցիները ԱՄՆ-ին դուրս հանեցին սառեցված բանակցային գործընթացում ավանդական միջնորդի կարգավիճակից: Կարծում եմ՝ Բայդենի վարչակազմը պետք է փորձի վերագտնել չեզոք, եթե ոչ միջնորդի, ապա գոնե դիտորդի դերը, եւ այս առումով մինչ այժմ հուսադրող միտումներ նկատվել են: Թրամփի շրջանում կազմվեց այսպես կոչված Քուշների ծրագիրը, որը վերջ էր դնելու պետականություն ունենալու պաղեստինյան հույսերին, ինչը բնականաբար խնդրահարույց էր ոչ միայն պաղեստինցիների, այլեւ ամբողջ արաբական, մուսուլմանական աշխարհի համար, Եվրոպայի համար էլ անշուշտ: Այսօր արդեն կարելի է ասել, որ Քուշների ծրագիրը չի իրականացվի, թեեւ դրան անդրադարձներ կլինեն:
Ծոցի երկրների հետ մերձեցումը հեռանկարային ծրագիր էր: Իսրայելը, լինելով արեւմտյան քաղաքակրթության կրող, իրեն Մերձավոր Արեւելքի ընդհանուր դինամիկայի մեջ է տեսնում եւ իր եվրոպական կամ այլ կողմնորոշումների փոխարեն առաջնայնություն է տալիս տարածաշրջանում ավելի ամուր եւ մտերիմ հարաբերություններին, նախեւառաջ Արաբական Միացյալ Էմիրությունների, հետագայում նաեւ Սաուդյան Արաբիայի, այլ արաբական երկրների, այդ թվում Եգիպտոսի հետ նորացված հարաբերությունների օրակարգերով:
Այս առումով Իսրայելի երկարատեւ շահերից չէր բխում ներկայիս ճգնաժամը: Անշուշտ, դրանից բացի կա նաեւ ներքաղաքական իրավիճակ: Կառավարություն ձեւավորելը թերեւս ավելի կարեւոր խնդիր է դառնում, քան երկարատեւ հարաբերությունների բնականոնացումը արաբական երկրների հետ, եւ կարծում եմ, ներքաղաքական պայքարի ընթացքում կան ուժեր, որոնց ձեռնտու է այս լարվածությունը, որովհետեւ Երուսաղեմի հարցը միշտ արձագանք է գտնում ընտրազանգվածի շրջանում: Իսրայելի հանրային, քաղաքական կարծիքի համար Երուսաղեմը Իսրայելի միացյալ եւ մշտնջենական մայրաքաղաքն է, եւ երկրորդ կարծիք նրանց շրջանում չի կարող լինել: Ուստի, երբ Երուսաղեմի հարցն է ի հայտ գալիս, հանրային կարծիքը մեծ մասամբ ընկալում է իշխանության կոշտ քաղաքականությունը, առավել եւս, երբ կան հակադարձ ռադիկալ դրսեւորումներ Գազայից: Կարծում եմ, սա կարող է օգնել Նեթանյահուին՝ ամրապնդելու իր քաղաքական դիրքերը եւ հերթական անգամ ձեւավորելու նոր կառավարություն, եւ դա կլինի իր՝ Նեթանյահուի անընդմեջ կառավարման 14-րդ տարին:
Հայկական թաղամասը «Տաճարի լեռ» սրբավայրից եւ Լացի պատից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա է, ուստի այդ վայրեր գնալու համար անհնար է շրջանցել հայկական թաղամասը: Կադրերը ես էլ եմ տեսել, բայց առանձնապես բռնության կամ լարվածության տրամադրություններ չկային, եւ պետք չէ նրանց միանշանակ ծայրահեղականներ անվանել, նրանք ազգայնականներ են, երիտասարդների խմբեր, որոնք տոնում են Երուսաղեմի վերամիավորման օրը: Ոստիկանությունը նրանց թույլ չի տալիս անցնել մուսուլմանական թաղով, կարծեմ այս տարի նաեւ պատնեշ է դրվել մուսուլմանական թաղի հիմնական մուտքերից մեկի՝ Դամասկոսի մուտքի մոտ: Հայկական համայնքը, մեր վանքը թեեւ մեկուսացված են, բայց պաղեստինցիների՝ արաբների միջավայրում են: Մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը հորդանանահպատակ է, նրանք Իսրայելի քաղաքացիություն այդպես էլ չեն ստացել եւ, անշուշտ, կիսում են հարեւանների ցավն ու անհանգստությունը, համայնքը չի կարող անմասն մնալ: Ցավոք, այդ բռնության դրսեւորումներն անմիջական ազդեցություն են ունենում մեր հայրենակիցների վրա՝ տնտեսական եւ այլ առումներով:
Ո՛չ, չեմ կարծում, որովհետեւ մեր հայրենակիցներն այնտեղ ամեն ինչ տեսել են, մի քանի պատերազմների միջով անցնելով՝ մնացել են, եւ նկատենք, որ հայկական համայնքը Երուսաղեմում միակն է մյուս համայնքների մեջ, որի ներկայությունը Սուրբ Երկրում հինգերորդ դարից ի վեր շարունակական եւ անընդհատ է եղել: Անշուշտ, համերաշխության զգացում կա պաղեստինցիների հանդեպ, բայց համայնքը միատարր չէ, կան մարդիկ, որոնք նաեւ գնահատում են այն տնտեսական առավելությունները, որ Իսրայելն ընձեռում է:
Իրանի դերը, այո՛, նվազել է պաղեստինյան շրջանում, եւ եթե ժամանակին «Համաս»-ի հետ կապեր կային, այսօր Իրանը այլեւս հիմնական դերակատարություն չունի: Ես կասեի՝ Թուրքիան է կանգնած «Համաս» շարժման հետեւում, եւ թուրքական տարրի ազդեցությունը տեսանելի է: Նկատենք, որ վերջին օրերի իրադարձությունների շուրջ ամենակոշտ արձագանքը Անկարայից եկավ: Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերություններում որակական փոփոխություններ կան, եւ շատերը կարծում են, որ այն անդառնալի է: Փաստ է, որ քաղաքական աջակցություն պաղեստինցիներն այսօր ավելի շատ ստանում են Անկարայից, քան արաբական որեւէ մայրաքաղաքից:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։