ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկվա նիստում հաստատեց 2021-ի հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրությունների քվեաթերթիկի ձեւը, ինչպես նաեւ ժամանակացույցը: Ընտրատեղամասերը կկազմավորվեն մինչեւ 2021-ի մայիսի 26-ը։ Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին ու կտեւի մինչեւ հունիսի 18-ը:
Նոր քվեաթերթիկը նախորդ ընտրություններում կիրառվածից տարբերվելու է նրանով, որ դարձերեսին չի ունենալու մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների համար նախատեսված մաս։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել է, որ ընտրատեղամասում քաղաքացին գրչի կարիք չի ունենա, կընտրի իր համար նախընտրելի կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը, կդնի ծրարի մեջ եւ կգցի քվեատուփը։
«Մարդիկ այլեւս Չակ Նորիսին ու Վան Դամին չեն կարողանա ընտրել»,- ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ կատակել է Մուկուչյանը:
Ընտրատեղամասերի մեծ մասում դարձյալ տեսախցիկ կտեղադրվի։ Նախորդ ընտրություններին տեսախցիկ է տեղադրվել հայաստանյան 2009 ընտրատեղամասից 1500-ում:
Առաջիկա օրերին կհրապարակվի ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների թիվը։ Նախորդ ընտրություններին նրանց թիվը շուրջ 2 միլիոն 600 հազար էր։