Հայաստանի Հանրապետության տարածքում պետական ցուցակում ընդգրկված շուրջ 25․000 հուշարձան կա։ Կա նաեւ մոտավորապես 1000 նորահայտ հուշարձան, որոնք տարբեր ուսումնասիրությունների, պեղումների, գիտարշավների արդյունքում նոր են հայտնաբերվել։ Այս բոլոր հուշարձաններն օրենքով ենթակա են պահպանության։
Ըստ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքի 1-ին հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում հուշարձանները գտնվում են պետության պահպանության ներքո: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանն ասում է, որ սեփականության ձեւից կախված (համայնքային, սեփական, պետական), հուշարձանների պահպանության հավելյալ պարտավորություններ են դրվում թե՛ պետական կառավարման տարածքային մարմինների, թե՛ տեղական ինքնակառավարման մարմինների, թե՛ սեփականատերերի վրա։
«Հուշարձանը տնօրինողը, օգտագործողը պարտավոր է ապահովել հուշարձանի պահպանությունը, անվտանգությունը, իսկ ընդհանուր հսկողությունն իրականացնում է պետությունը՝ ի դեմս լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության․ նախարարությունում գործող պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունն է զբաղվում հուշարձանների պահպանությամբ»,- ասում է Հարություն Վանյանը։ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործում է նաեւ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, որը զբաղվում է պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային անշարժ հուշարձանների պահպանությամբ։
Հուշարձանների պահպանման գործընթացն իրականացնում են մարզային աշխատակիցները։ «Հուշարձանների պահպանությամբ զբաղվող մասնագետները ամեն ամիս այցելում են արդեն հաշվառված, պետական ցուցակների մեջ ընդգրկված հուշարձանների տարածքներ, մշտադիտարկում են իրականացնում, արձանագրում են հուշարձանի վիճակը, եւ օրինախախտումներ գրանցվելու դեպքում արդեն համապատասխան քայլեր են ձեռնարկվում»,- ասում է ՀՀ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետը։
Հայաստանում հաճախ հանդիպում են հուշարձաններ, օրինակ՝ կիսավեր վանքեր, որոնք բաց տարածքում են, որտեղ նաեւ անասուններ են արածում ու կարող են վնաս հասցնել մշակութային կոթողին։ Այդպիսի օրինակ է Տավուշի մարզում գտնվող 13-րդ դարում կառուցված Մաթոսավանքը։
«Նման դեպքեր շատ են լինում, հատկապես այն հուշարձանները, որոնք պարիսպ կամ ցանկապատ չունեն, կարող են այդպիսի վիճակում հայտնվել։ Մարզային աշխատակիցները խնդիրը հայտնաբերելուն պես կապվում են համայնքի ղեկավարի հետ կամ գրություններ են ուղարկում համայնքապետարան, որպեսզի լուծում տրվի»,- ասում է պարոն Վանյանը։
Նրա պնդմամբ շատ դեպքեր են եղել, որոնց հաջողվել է լուծում տալ։ Օրինակ՝ այսպիսի խնդիրներ եղել են Լոռու մարզում գտնվող Քոբայրավանքում, Սյունիքի մարզի Խնձորեսկում, ու դրանք այժմ լուծված են։ «Այսպիսի խնդիրները վերացնելը կապված է նաեւ հասարակության հետ աշխատանքի, նրանց գիտակցության մակարդակը բարձրացնելու հետ։ Բնականաբար, հնարավոր չէ ամենօրյա ռեժիմով 25․000 հուշարձան հսկել, քաղաքացիներն իրենք էլ պիտի հուշարձանների հանդեպ պատշաճ վերաբերմունք ցուցաբերեն»։
Հարություն Վանյանն ասում է՝ կիսաքանդ վիճակում գտնվող բոլոր հուշարձանների վերանորոգման կամ պահպանության համար ֆինանսական միջոցները չեն բավարարում։ Պետական միջոցները տրամադրվում են առավել վտանգված հուշարձանների պահպանությանը։ Այդ պատճառով նախարարությունը համագործակցում է տարբեր բարերարների, ներդրողների հետ։ «Կարող եմ նույնիսկ նշել, որ այս պահին բարերարների նվիրաբերած գումարն ավելին է, քան պետական միջոցները։ Մեծ է նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դերը։ Հիմա վերանորոգվում են Արագածոտնի մարզի Աստվածընկալ եկեղեցին (4-13-րդ դարեր), Տավուշի մարզում գտնվող Նոր Վարագավանքի (12-14-րդ դարեր) գավիթներից մեկը, շուտով կմեկնարկեն Մաքրավանքի (10-17-րդ դարեր) վերականգնման աշխատանքները, վերականգնման նպատակով պեղումներ են սկսվել Մայրավանքում (11-12-րդ դարեր)։ Ընթացիկ մի քանի այլ ծրագրեր էլ կան, որոնք ֆինանսավորվում են տարբեր հասարակական կազմակերպությունների եւ անհատների կողմից»։
«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքով կարգավորվում է նաեւ հուշարձանների հարակից տարածքի պահպանումը։ 16-րդ հոդվածը սահմանում է, որ հուշարձանների պահպանական գոտիների տարածքներում (հուշարձանի պահպանության գոտի, կառուցապատման կարգավորման գոտի, լանդշաֆտի պահպանման գոտի) հողային, շինարարական եւ այլ տեսակի աշխատանքների, ինչպես նաեւ տնտեսական գործունեության իրականացումը կատարվում է լիազորված մարմնի թույլտվությամբ:
Ըստ Հարություն Վանյանի՝ տարիներ շարունակ այս կարգավորումները գրեթե չեն գործել կամ շրջանցվել են․ կա՛մ օրենքներին ծանոթ չեն եղել, կա՛մ գործիքակազմը ամբողջովին չի կիրառվել։ Այդ պատճառով էլ երբեմն հուշարձանների հարակից տարածքում բացվում են ռեստորաններ ու տնտեսական գործունեության այլ օբյեկտներ։