Ըստ ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում քննարկվել են Սյունիքի մարզի Սեւ լիճ տեղանքում ստեղծված իրավիճակը եւ հետագա քայլերը:
Արձանագրվել է, որ Ադրբեջանի զինված ուժերն այդ տեղանքում հատել են ՀՀ պետական սահմանը եւ խորացել մինչեւ 3,5 կիլոմետր՝ փորձելով պարփակել Սեւ լիճը:
Ընդգծվել է, որ ադրբեջանական կողմի գործողությունները անհանդուրժելի եւ դիվերսիոն ոտնձգություն են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Ստեղծված իրավիճակն անընդունելի է, Հայաստանի Հանրապետությունը չի կարող ուղղակի համակերպվել ստեղծված իրավիճակի հետ:
«Բայց նաեւ հաշվի առնելով իրադրությունը՝ մեր առաջնային ծրագիրը բանակցությունների միջոցով, նաեւ դիվանագիտական եղանակներով այս խնդիրը լուծելն է»,- նշել է վարչապետի ժ/պ-ն:
Փաշինյանն ասել է, որ ՀՀ զինված ուժերը վաղ առավոտից արձագանքել են տեղի ունեցող իրադարձություններին, իրականացվել են անհրաժեշտ մարտավարական տեղաշարժեր եւ այլ գործողություններ: Ադրբեջանական զինված ուժերի գործողությունները չեն զուգորդվել հրաձգային կամ որեւէ այլ զենքի կիրառմամբ:
«Նրանք փորձում են հիմնավորել իրենց գործողություններն ինչ-որ քարտեզներով, որոնք առաջին իսկ դիտարկմամբ մտացածին են եւ կեղծ, որովհետեւ ՀՀ կառավարության տրամադրության տակ է դեռեւս Խորհրդային Միության ժամանակներում Սովետական Հայաստանի եւ Սովետական Ադրբեջանի միջեւ հաստատված, նաեւ Կենտրոնական իշխանության կողմից հաստատված քարտեզ, որտեղ հստակ երեւում է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագիծն ինչպես է անցնում»,- նշել է Փաշինյանը:
«Այս իրավիճակում մեզ անհրաժեշտ է պահպանել սառնասրտություն, մյուս կողմից անհրաժեշտ է լինել հետեւողական մեր պետական եւ ազգային շահերի պաշտպանության տեսանկյունից, եւ մենք նաեւ այսօր պետք է որոշումներ կայացնենք անելիքների ու հետագա գործիքակազմի վերաբերյալ»,- ընդգծել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը: