ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը խորապես մտահոգված է ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի սահմանը հատելու մասին հրապարակումներով:
Շիֆն ընդգծել է, որ այս հերթական վտանգավոր եւ սադրիչ գործողությունը կարող է հանգեցնել կյանքերի հետագա կորստի:
«Միացյալ Նահանգների համար ժամանակն է հասկանալու, որ մեր քաղաքականությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին քաջալերում է, որ նա սրի ռազմական իրավիճակը՝ մեծացնելով եւս մեկ պատերազմի ռիսկը»,- գրել է Կոնգրեսականը:
Ադամ Շիֆը նշել է, որ քննարկումների մեջ է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ, եւ առաջարկել է առավել լայնորեն ներգրավվել Մինսկի խմբի ձեւաչափում, որն այժմ ավելի քան երբեւէ կարեւոր է:
Կոնգրեսականն ընդգծել է, որ Ադրբեջանն այս քայլերին դիմում է Պետդեպարտամենտի կողմից Ադրբեջանին ուղղակի օգնության սահմանափակումների մասին «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման անհիմն չեղյալ հայտարարումից ընդամենն օրեր անց:
«Մենք ռազմական ֆինանսավորում չպետք է տրամադրենք մի ազգի, որը ներգրավված է մարդու իրավունքների խախտումներում եւ ոտնահարում է իր հարեւանների ինքնիշխանությունը»,- շեշտել է կոնգրեսական Շիֆը: