ՀՀ կառավարության որոշմամբ առողջապահության նախարարությունը ՌԴ-ից ձեռք կբերի տուլարեմիայի դեմ պատվաստանյութ:
ՀՀ-ում Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված է իրականացնել պատվաստումներ տուլարեմիայի դեմ զորակոչային եւ նախազորակոչային տարիքի անձանց շրջանում, ինչպես նաեւ համաճարակաբանական ցուցումով:
Վերջին 3 տարում տուլարեմիայի դեմ պատվաստանյութի ձեռքբերման գործընթացում եղել են դժվարություններ, քանի որ պատվաստանյութի արտադրությունը որոշ առանձնահատկություններ ունի:
Շուկայում հայտնի է միայն մեկ արտադրող՝ ՌԴ «Միկրոգեն» գիտաարտադրական միավորումը:
Բժշկական տեղեկանք
Տուլարեմիան, այլ կերպ՝ ճագարի տենդը, վարակիչ հիվանդություն է։ Ախտանիշներից են տենդը, մաշկի խոցերը եւ ավշային հանգույցների մեծացումը։ Հիվանդությունը որոշ դեպքերում կարող է թոքաբորբի կամ կոկորդի վարակի պատճառ դառնալ։
Գիտնականները պարզել են, որ տուլարեմիան կարող է վտանգավոր լինել մարդկանց համար։ Մարդու վարակումը տուլարեմիայով տեղի է ունենում վարակված կենդանու հետ անմիջական շփումից։ Պարզվել է, որ հիվանդությունը հիմնականում տարածված է որսորդների, խոհարարների եւ գյուղատնտեսության աշխատողների շրջանում:
Մարդը վարակվում է հիվանդ կենդանիների, դրանց արտաթորանքով աղտոտված հացահատիկի, խոտի, ծղոտի հետ շփվելիս, ջրից, ջրամբարներում լողանալուց, հիվանդ նապաստակների, ճագարների անբավարար ջերմային մշակման ենթարկված միսն օգտագործելուց, ինչպես նաեւ հիվանդ կենդանիներից տուլարեմիայի հարուցիչը մարդուն փոխանցող արյունածուծ միջատների (տզեր, մոծակներ եւ այլն) խայթոցներից:
Հարուցիչը մարդու օրգանիզմ է թափանցում վնասված մաշկի, աչքի լորձաթաղանթի, շնչուղիների, ստամոքսաղիքային համակարգի միջոցով: Հիվանդությունը մարդուց մարդուն չի փոխանցվում: Տղամարդիկ ավելի հաճախ են վարակվում, քան կանայք: Վարակը տարածված է հիմնականում երիտասարդ եւ միջին տարիքի մարդկանց շրջանում:
ԱՄՆ-ում 1970-2015 թվականներին ամեն տարի գրանցվում էր վարակման 200 դեպք, վարակվում են հիմնականում ամռանը։ Հիվանդությունը կոչվել է Կալիֆոռնիայի Թուլարե շրջանի անունով, որտեղ 1911-ին հայտնաբերվեց հիվանդությունը։ Շատ կենդանիներ, օրինակ՝ ճագարները, նույնպես կարող են վարակվել։
Հակաբիոտիկների հայտնագործմամբ՝ տուլարեմիայից մահացության ցուցանիշը 60%-ից նվազեց մինչեւ 4%: