ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է 2020-ին Թուրքիայում ոչ մահմեդական փոքրամասնությունների իրավունքների եւ կրոնական ազատությունների սահմանափակման մասին զեկույցը:
Զեկույցում նշվում է, որ Թուրքիայում սահմանափակումներ են կիրառվում ինչպես Հայ առաքելականների եւ հույն ուղղափառների, այնպես էլ հրեաների նկատմամբ: Դրանց վերաբերյալ պաշտոնական Անկարան տպավորություն է ստեղծում, թե ոչ մահմեդական փոքրամասնությունների խնդիրները չեն կարգավորվում 1923-ի Լոզանի պայմանագրով:
Ըստ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի՝ Թուրքիան շարունակում է խոչընդոտել փոքրամասնություններին սեփական հոգեւորականների պատրաստման հարցում: Այս համատեքստում Պետդեպը հիշեցնում է Մարմարա ծովի Հեյբելիադա կղզու ուղղափառ կրոնական դպրոցի վերաբացման հարցը տարիներով ձգձգելու եւ լուծում չտալու փաստը:
Զեկույցի համաձայն՝ Թուրքիայում աճել են բողոքական համայնքի՝ քաղաքացիություն չունեցող առաջնորդների արտաքսումների ու մուտքի թույլտվություն չտրամադրելու դեպքերը:
Պաշտամունքի վայրերի կառուցման կամ կառավարման հարցում կրոնական համայնքների համար ստեղծվում են խոչընդոտներ: Դրանք արտահայտվում են վիճելի հողատարածքներին, նախկինում պետության բռնագրաված եկեղեցիներին առնչվող իրավական հարցերում:
Դժվարություններ են ստեղծվում նաեւ կրոնական հիմնադրամների գործադիր մարմինների ընտրություններ կազմակերպելու եւ դպրոցներում ոչ մահմեդականների՝ կրոնական դասերից ազատվելու հարցերում:
ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է նաեւ ալեւի համայնքի ներկայացուցիչների համար հանրակրթական կառույցներում կիրառվող խտրականություններին ու կրոնական հողի վրա կիրառվող այլ սահմանափակումներին: Ալեւիները ենթաէթնիկական, կրոնական եւ մշակութային համայնք են Թուրքիայում, Ալբանիայում եւ Բուլղարիայում: Ըստ Ալեւի-Բեքթաշի ֆեդերացիայի՝ ալեւիների թիվը Թուրքիայում հասնում է 25 միլիոնի:
Զեկույցն անդրադարձել է նաեւ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու փաստին։