Եվրոպական միությունը ֆինանսավորման նոր համաձայնագրով ՀՀ-ին 3 միլիոն եվրո գումար կտրամադրի, որով Հայաստանը պետք է կազմակերպի հայկական կոնյակի համար «կոնյակ» անվանման կիրառության դադարեցումը, մշակի հայկական խմիչքի համար նոր բրենդ, գովազդի ու խթանի դրա կիրառությունն ու տարածումը, ինչպես նաեւ կազմակերպի հայկական նոր բրենդի դիրքի ու մրցակցության պահպանումն արտաքին շուկայում։
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում համաձայնություն է տվել Հայաստանի ու Եվրոպական միության միջեւ ֆինանսավորման այդ նոր համաձայնագրի ստորագրմանը եւ ֆինանսների նախարարի պաշտոնակատարին պատվիրակել կազմակերպել դրա նախապատրաստումը։
Նշենք, որ «կոնյակ» անվանումից հրաժարվելու պահանջը նախատեսված է 2017-ի նոյեմբերի 24-ին ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագրով, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2021-ի մարտի 1-ից։ Նույն համաձայնագրով նախատեսվում է հրաժարվել նաեւ «շամպայն» անվանումից։
«Կոնյակ» եւ «շամպայն» անվանումներից հրաժարվելու եւ նոր անվանումներ ընտրելու համար Հայաստանին ժամանակ է տրվել մինչեւ 2043 թվականը։