Պատերազմի եւ խաղաղության արանքում. մարդկային պատմություններ շարքը ներկայացնում է ընդհանուր առմամբ ութ պատմություն: Առաջին պատմության հերոսը Արևիկ Բալայանն է: Ծնվել է Արցախի Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղում: 2008-ից ամուսնու հետ բնակվել է Հադրութ քաղաքում, որտեղ աշխատել է մանկապատանեկան կրթական կենտրոնում:
Արևիկ Բալայանի հետ զրուցել ենք երկու անգամ։ Առաջինը՝ Երևանի Ավան թաղամասում գտնվող վարձակալվող բնակարանում, որտեղ Արևիկի ընտանիքն այժմ ապրում է փոքր քրոջ ու նրա երեխաների հետ։ Երկրորդ անգամ՝ Կոտայքի մարզի Նոր Գյուղում, որտեղ Արևիկի, քրոջ ու մորաքրոջ ընտանիքներն ապաստանել էին պատերազմի օրերին։ Հիմա այնտեղ միայն մորաքրոջ ընտանիքն է ապրում։
‑ Ճիշտն ասած սկզբից կրթություն չունեի: Մտա աշխատանքի, տնօրենս տեսավ, որ աչքաբաց եմ, ինձ վստահեց մի խմբակ, ուլունքագործություն խմբակը: Ես սկսեցի դասավանդել: Երկու տարի դասավանդելուց հետո արդեն իմացա, որ կրթություն պետք ա ձեռք բերեմ և ընդունվեցի տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժինը: Էդ ժամանակ ամուսինս թերթի խմբագիր էր աշխատում, Հադրութի թերթի խմբագիրն էր: Ֆինանսական պատճառներից ելնելով` գնացինք Բանաձոր գյուղ` դասավանդելու:
‑ Պատերազմը որ սկսել ա, ճիշտն ասած պապայիս տարին էր: Շաբաթ օրը պապայիս տարին էր, ուրբաթ օրը դասերից հարցրել ենք, եկել ենք: Եկել ենք գյուղ, ամեն ինչ կազմակերպել ենք, անցել ա նորմալ, շաբաթ օրը բոլորին ճանապարհել ենք: Ուզում էինք գնայինք քաղաք՝ Հադրութ, մեկ էլ որոշեցինք մնայինք, առավոտը կգնայինք: Մեկ էլ առավոտը 7:10՝ դմփոց…. Որ լսվեց, ամուսինս տեղից վեր թռավ, ասեց՝ էրեխեք, ոնց որ կռիվը սկսվել ա: Տենց սաղ խառնվեցինք իրար:
‑ Քույրս, իրա տղան ժամկետային զինծառայող ա, էն ժամանակ Արալեռ էր ծառայում: Զանգեց էրեխուն, ասեց՝ Ալեքս, որտե՞ղ ես, ի՞նչ ա եղել: Ասեց՝ մամա, կռիվը սկսել ա: Որ տենց ա ասել, ուշաթափվել ա:
‑ Հավաքվեցինք, էրեխեքին վերցրեցինք, գնացինք պադվալը: Ու անընդհատ դուրս էինք գալիս, էդ բեզպիլոտնիկի ձայներն էր լսվում… մտնում էինք տուն, հետո էլի վազելով գնում պադվալ: Հետո քուրիկս ասեց՝ էստեղ չեմ կարա մնամ: Ինքն էլ ա էլի զինծառայող, ամուսինը… սաղ զինծառայողներ են: Մարետկան՝ աղջիկս, գրկել ա քույրիկիս ու լացելով ասում ա՝ մորքուր, մի գնա… տենց իրանք գնացին, հետո մենք հետևից երևի մի ժամ հետո գնացինք ներքևը մի հատ գյուղ կա, էնտեղ զապրավկա կա, մեքենայի մեջ բենզին չկար, գնացինք, նենց հերթ էր, նենց հերթ էր… Մի փոքր բենզին վերցրինք, հիմա որ գնում ենք, էդ… հինգ քույր ենք, հիմա էդ քույրիկներիս երկու երեխաները սահմանապահ զորքերում են ծառայում, արձակուրդի մեջ էին: Ասեց՝ մենք էլ պետք ա գնանք: Ու հիշում եմ՝ էդ փոքր տղան մի հատ աման էր բերել՝ մեր համար էլ բենզին կբերեք: Գնացել ենք, բենզին չեն տվել: Հիմա ամուսինս ասում ա՝ ինչի՞ չեք տալիս: Ասում ա՝ պետք ա նենց անենք, որ բոլորին հերիքի, ասում ա՝ էս մարդիկ գնում են ծառայության, մի ձև պե՞տք ա, չէ՞, որ իրանց օգնենք: Տվեցին էդ բենզինը, բերեցինք, երևի մի 4-5 ժամ մնացինք, էս փոքր քրոջս ամուսինը եկավ, ասում ա՝ պետք ա էրեխեքին հանենք: Ես հաստատ չէի ուզենա գալ, բայց քանի որ Մարետկան շատ էր լացում՝ մամա, պետք ա գնանք, պետք ա գնանք, երկու մեքենայով, մենք մեքենայի մեջ ինը հոգի, էն մի քրոջս մեքենայի մեջ՝ տասնմեկ հոգի: Սաղ աղջիկներ, փոքրիկներ, տենց հավաքվեցինք, ու ես էդ ճանապարհն էլ կյանքում չեմ մոռանա՝ ինչ ճանապարհներով էկանք:
‑ Որ դուրս էինք գալիս, Գրետային խնդրում էինք, որ մեր հետ դուրս գար, ինչքան խնդրել եմ, ասել եմ՝ եկեք գնանք, չի եկել: Ասեց՝ ամուսինս զինծառայող ա, ո՞նց կարամ թողնեմ: Ես ու փոքրիկ քույրիկս ենք եկել: Երեք օր հետո արդեն ինքը էրեխեքի հետ պապայիս մեքենայով էկան: Մամաս գյուղում էր: Ինչքան ուզում էինք մամաս որ դուրս գար, դուրս չէր գալիս, ասում ա՝ էրեխեքիս աչքերին ո՞նց եմ նայելու: Դե մի հատ կին ա, տղամարդ չկա գյուղում, սաղ գնացել են… Չգիտեմ, զոռով համոզել ենք, ամսի 9-ին ինքը դուրս ա եկել գյուղից, մեր մեծ փեսան ա բերել, ինքն էլի հետ ա գնացել: Ամսի 10-ին մամաս էստեղ էր, մի փոքր շունչ քաշեցինք:
‑ Ամսի 10-ին առավոտը հելնում ենք, զանգում ենք քրոջս, երկրորդ քրոջս, ինքը ասեցի զինծառայող ա, զանգում եմ քրոջս, ասում եմ՝ ի՞նչ կա, ո՞նց ես, ու մեկ էլ լսում եմ՝ ոնց ա գոռում: Ասում ա՝ մենք Հադրութում ենք, թուրքերը մտել են Հադրութ: Իրանք չեն իմացել: Իրեք օր նկուղում են եղել, տենց… էկել են, Հադրութի վերևը դեմ են էկել թուրքերին, մի կերպ, սենց ասեմ, էլի, փրկվել են: Բայց ասում ա՝ երեք օր թուրքերը Հադրութ են եղել, մենք ոչ մի բան չենք իմացել: Տենց…
‑ Դեռ չեմ գիտակցում, որ էդ ամեն ինչը իմ հետ ա կատարվում: Այ, ես հիմա Երևանում եմ, էդ ձայները, շշուկները, ես զգում եմ, որ էդ ամեն ինչը իմ հետ ա կատարվում, բայց ոնց որ երազում լինեմ: Մեծ քույրիկիս տղան՝ փոքր տղան, զոհվել ա, ամսի 15-ին զոհվել ա, 17-ին մենք նոր իմացել ենք, որ էրեխեն չկա: Վայ, չգիտեմ… արդեն հոկտեմբերի 15-ն էր, որ սեպտեմբերի 27-ին եկել էինք, էրեխեքին դուրս ընդհանրապես չէին հանել: Էդ օրը էդպես ա ստացվել, որ ես ու փոքրիկ քույրիկս որոշել էինք երեխաներին դուրս հանել: Հանել ենք, մեր շենքի տակին մի հատ փոքրիկ այգի կա, հանել ենք, լավ օր էր, արևոտ: Էրեխեքը խաղում էին, ես ու քույրիկս էլ նստած զրուցում էինք: Ու մեկ էլ մի հատ զանգ էկավ: Քույրս գոռալով, թե չգիտեմ, բան, սենց բան ա եղել, էրեխեն զոհվել ա:
‑ Մեծ քույրս մինչև հիմա ասում ա՝ ես մինչև հիմա սպասում եմ, որ էրեխես հետ ա գալու: Ես ասում եմ՝ Վարդուհի ջան, դու արդեն պիտի գիտակցես, որ երեխա չկա: Ասում ա՝ չնայած ես գիտեմ… իրան բաց դագաղով են էլի հուղակավորել… չնայած ես գիտեմ, որ էրեխեն… ես իրան տեսել եմ, գիտեմ, որ ինքն ա եղել, բայց հոգուս խորքում ես իրան սպասում եմ: Ասում ա՝ ամա որ էդ սպասում չլինի, ես չեմ կարա ապրեմ:
‑ Ու էդ պահը, որ էրեխու դին դրած էր, արդեն պիտի հրաժեշտ տայինք, նենց ա, որ քո… չգիտեմ, էլի… դնում են, երկու րոպե նայում ես երեխային, վերցնում ու տանում են… ու ինչ են տալիս քեզ քո երեխայից. ընդամենը մի հատ դրոշ, էդ ա… չգիտես՝ էդ ի՞նչ ա, ո՞նց ա, ինչի՞ ա էդպես, չգիտեմ…
‑ Մեր գյուղը Տողից մի քիչ վերև ա: Իրա պապան ասեց՝ ավելի լավ ա ես իրան Գորիս հուղակավորեմ, որ հետո… չէինք սպասում, էլի, որ չէինք գնա… անընդհատ մտածում էինք, որ ամեն դեպքում գնալու ենք… ասեց՝ Գորիս հուղակավորեմ, որ բան լինի, էրեխուն կհանենք, կտանենք գյուղ: Հետո մեկ էլ մտածեցին, որ ավելի լավ ա բերեն Եռաբլուր: Հիմա ասում ա՝ նենց լավ ենք արել, որ չենք տարել գյուղ: Իրա ընկերը, որ զոհվել ա, գյուղում ա: Մարդ ա գնացել գյուղ, գերեզմանը էրեխու սաղ քանդած, քարերը վերցրած, չեն էլ կարում հիմա ընդեղից հանեն: Ասում ա՝ նենց… Հետո գոնե լացելու տեղ կա, էլի, գոնե լացելու տեղ կա…
‑ Բարեկամները զանգում էին, ասում՝ էրեխեքին տարեք դպրոց: Ասեցի՝ ես էս վիճակում չեմ կարա: Քուրս միշտ ասում ա՝ քոնը մեծ ա, էլի, ասում ա՝ իմս փոքր ա, առաջին դասարան, էնքան էրեխուս էնքան դպրոց փոխեցի, հիմա որ մեկ-մեկ ասում ա ընկեր Քիշմիրյան, ընկեր Շմավոնյան, ասում եմ՝ էդ ո՞րն ա, Նոր Գյուղի՞նը, թե՞ Երևանինը: Երեք թե չորս դպրոց ա փոխել էրեխեն:
‑ Էդ արդեն որ մեր ամուսինները հետ են եկել, հասկանում էինք, որ միսենյականոց տան մեջ չենք կարա տենց շատ մարդով մնանք: Հետո մորքուրիս խնդրեցի մեզ համար որպեսզի տուն գտնի, եթե հնարավոր ա առանց վարձի: Ասեց էսպիսի բարեկամի տուն ունեմ: Տենց գնացինք երկու օր հավաքեցինք՝ ես, քույրիկս, մեր երեխաները, մորքուրս իրա ընտանիքով արդեն էդ տան մեջ էինք, երկու սենյականոց, առանց որևէ հարմարությունների, մնացինք էնտեղ:
‑ Օգնություն որ ստանում էինք, ալյուր էլ էինք ստանում: Մորքուրս ասեց՝ ես հաց կթխեմ: Էդ ա մեքենայիս մեջ մի հատ թաս կար, էդ թասը պատահաբար հայտնվել ա էստեղ: Պապայիս տարին որ եղել ա, էդ թասի մեջ բան եմ դրել, մեքենայի հետևը մեջը բան եմ դրել, բերել եմ գյուղ, որ արդեն չեմ էլ հիշել, որ մեջը բան ա եղել, որ արդեն եկել ենք Նոր Գյուղ, մեքենայի մեջը բացել ենք, տենամ էդ թասը էնտեղ ա: Տարել ենք, հիմա մորքուրիս ասում եմ՝ հիշո՞ւմ ես էս թասը: Ասում ա՝ չէ, էդ ի՞նչ թաս ա: Ասում եմ՝ ա՛յ կնիկ, մամայիդ թասն ա, չե՞ս հիշում: Ասում ա՝ էս ո՞նց ա հայտնվել էստեղ: Ասում եմ՝ պատահական, տատիկիցս մնացած միակ հիշողությունը: Հիմա որ Նոր Գյուղից հետ էինք գալիս Երևան, ասեցի՝ մորքուր, էս թասը թողնում եմ էստեղ, հաց կթխես, բայց նայի, հա, հենց գյուղից գնաս, անպայման հետ կբերես, միակ հիշողությունն ա մեր տնից:
‑ Միշտ մտածում էինք, որ մենք անպայման հաղթելու ենք: Ոչ թե որ ասում էին՝ «հաղթելու ենք, հաղթելու ենք», այլ որ մենք էդ մարդիկն ենք, որոնք 30 տարի ապրել են էդ միջավայրում, չէ՞, տեսել ենք՝ ինչպես են պաշտպանում մեր հայրենիքը, էսպես ասեմ: Երբեք մտքներիս ծայրով չի անցել, որ երբևիցե Հադրութ չենք գնա կամ Շուշի… թուրքը կհասնի Շուշի… հիմա էդ տանդ դուռը փակում ես ու… նայեք, իմ հայրական տնից մամաս որ եկել ա, ասում ա կամ տուռի [անգամ դռան] էդ լարը չեմ հանել, նույնիսկ մտքի ծայրով էլ չի անցել, որ հետ չի գնալու: Պապայիս նկարը էնտեղ դրած էր, չի վերցրել: Հիմա ասում ա՝ եթե իմանայի էսպես ա լինելու, հաստատ կվերցնեի: Ասում ա՝ փակել եմ դուռը մի երկու-երեք օրով, ասել եմ՝ գնում եմ Գորիս, հետ եմ գալու: Մինչև հիմա էլ իրեն բան ա անում, ասում ա՝ գոնե նկարներից վերցնեի մի երկու բան, մի հիշողություն մեր տնից:
‑ Ո՞նց կարամ գնամ Ղարաբաղ ու Հադրութ չգնամ: Կամ ո՞նց կարամ գնամ Ղարաբաղ, ու Ղարաբաղի մեջ թուրք լինի:
‑ Ինքը [տատիկը] 35 տարի առանց ամուսին մենակով ապրել ա: Երբ որ ամուսնացա, ասի՝ մամա, թաս չունեմ հաց թխելու: Ասեց՝ էս ա, տատիկիցդ մի հատ թաս կա: