Ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ Երեւանում արդեն գործում է կորոնավիրուսային հիվանդության դեմ շարժական պատվաստումային 9 խումբ:
Քաղաքացիները կորոնավիրուսի դեմ կարող են պատվաստվել մասնավորապես «Կասկադ համալիրի», «Մալիբու» սրճարանի (Մաշտոցի պուրակ), «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի, «Մոսկվա» կինոթատրոնի, «Երեւանի 2800-ամյակի այգու» (Կենտրոնական բանկի դիմաց) եւ «Երիտասարդական» մետրոյի կայարանի հարակից տարածքներում:
ՀՀ առողջապահության նախարարությունը հավելել է, որ նմանատիպ խմբեր աշխատում են նաեւ Հյուսիսային պողոտայում, «Դալմա Գարդեն» մոլի կայանատեղիում, «Մեգամոլ Արմենիա» առեւտրի կենտրոնի տարածքում:
Հիշեցնենք, որ AstraZeneca-ով պատվաստումներն իրականացվում են կամավորության սկզբունքով 18 եւ բարձր տարիքի անձանց շրջանում: Sputnik-V-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-54 տարեկան բուժաշխատողների, քրոնիկ հիվանդների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների եւ աշխատակիցների համար: