Սյունիքի Վերիշեն գյուղի անցուդարձին անմիջապես տեղյակ են լինում նաեւ գյուղի շարունակությունը կազմող Ակներ համայնքում: Խորհրդային Միության տարիներին (1950-ականներից սկսած) Ակները եղել է Վերիշենի կազմում, 1991-ին տարանջատվել է Վերիշենից: «Այսօր երկուսն էլ Գորիս խոշորացված համայնքի կազմում են, Գորիսը, Վերիշենը, Ակները շատ մոտ համայնքներ են, իրար կպած, անծանոթ մարդու համար դժվար է այդ երեք համայնքները միմյանցից զանազանել»,- «Ալիք մեդիա»-ին ասում է Ակների բնակիչ, Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղի ղեկավար Լեւոն Սահակյանը:
Երեկ Հայաստանի պետական սահմանը հատվել է հենց այս գյուղերի տարածքում՝ Վերիշենին ու Ակներին մոտ գտնվող «Սեւ լիճ» տեղանքում: Ադրբեջանցիներին նկատել է վերիշենցի հովիվներից մեկը, լուրն անմիջապես դուրս է եկել Վերիշենի սահմաններից, տարածվել ամբողջ հանրապետությունում, հասել մինչեւ Ադամ Շիֆին: Վերջինս դատապարտել է ՀՀ սահմանի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները՝ այն համարելով «վտանգավոր եւ սադրիչ գործողություն»:
Ակներցի գրող Լեւոն Սահակյանն էլ դրա մասին հետեւյալն է ասում. «Այս նույն աղմուկը եղել է նաեւ Շուռնուխում, եղել է Կապանի օդանավակայանի մոտ. աղմուկ են հանել, հետո սահմանները ճշտվել են, եւ մարդիկ լռել են: Նույնը կատարվելու է նաեւ այլ վայրերում, քանի դեռ մեր իշխանությունները չեն ուզում կամ չեն կարողանում մեր սահմանապահին սկզբում իրենք կանգնեցնել, որ ադրբեջանցին գա սահմանը ճշտելու, մի անգամ «դեմ ընկնի» մեր սահմանապահին: Գալիս է, տեսնում է՝ մարդ չկա, ազատ առաջ է գալիս. ինչքան կարողանա, գալու է: Մերոնք միշտ սպասում են, որ ադրբեջանցին առաջին քայլն անի, հետո իրենք երկրորդն անեն, մի առաջին քայլ ես չտեսա սրանցից»:
Ադրբեջանցիները հայկական սահմանն անցել են «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ: Լեւոն Սահակյանը տեղյակ է, որ նրանց ձեռքին եղել է 1974 թվականի ինքնաշեն քարտեզ՝ բնակավայրերի ու տեղանքի խորհրդային շրջանի անվանումներով: «Եթե խորհրդային ժամանակվա քարտեզով պիտի ճշտվի, մենք այդ տարիների իսկականը ունենք, իրենց ցանկությունն էր իրենց սարքած քարտեզը կախել մեր վզից, բայց մենք չենք թողնելու,- ասում է Լեւոն Սահակյանը, որ շատ լավ է հիշում տարածքի նախկին բաժանումը:- Սեւ լճի համար կռիվը վաղուց կար: Խորհրդային Միության ժամանակ այն ամբողջությամբ մեր կողմում էր: Տանում էինք, անասունները ջրում լճում: Ադրբեջանցիներն էլ էին այդ կողմերում անասուն պահում, մի օր բողոքում են, նամակ են գրում մինչեւ Մոսկվա, թե հայերը չեն թողնում, որ մեր անասունները ջուր խմեն լճից: Թույլտվություն է գալիս, եւ լճի մի փոքր հատված տրվում է իրենց»:
Մինչեւ 2020-ի պատերազմը լիճը կրկին ամբողջությամբ հայկական կողմում էր, իշխան էր բուծվում այնտեղ, համարձակ լողորդները լողում էին լճի շատ սառը ջրում։ 2020-ի նոյեմբերի համաձայնագրից հետո լիճը կրկին բաժանվել է. 30 տոկոսը՝ իրենց, 70 տոկոսը՝ մեզ, ինչպես նախկինում: Երեկվա գործողությունից հետո ադրբեջանցիները իրենց հետեւում են թողել Սեւ լիճը՝ խաղաղ անցնելով առաջ:
Լեւոն Սահակյանը հաստատում է՝ բախումներ չեն եղել, վիրավոր չի եղել, ինչպես տարածեցին որոշ լրատվամիջոցներ: «Դա էլ երկրի ներկա իշխանությունների դեմ ժողովրդին լարողների հերթական շախմատային քայլն էր ձիով: Ճիշտ է՝ ներկա իշխանությունների ճակատն էլ չեմ համբուրում, բայց նախկինների սադրանքը բացահայտ երեւում է: Այսօր ադրբեջանցու մասին ենք խոսում, բայց ինձ այս պահին մեր ներկա ու նախկին իշխանություններն են ավելի շատ մտահոգում: Նախկինը՝ էսպես, ներկան՝ թուլամորթ։ Սրանց հետ չգիտեմ՝ ինչ ենք անելու:
Սյունիքի սահմանը երկարուկ ու նեղլիկ է, սահմանը՝ երկար, տարածքը՝ փոքր. այդպիսի տարածքներ հսկելու համար մեծ թվով զինվորականներ եւ սահմանապահներ են անհրաժեշտ: Սա իշխանությունների լուծելիք հարցն է, մինչեւ հիմա ոչ մի բան չեն արել»,- մտահոգվում է Լեւոն Սահակյանը՝ նշելով, որ կամավորական ջոկատներն ամեն դեպքում պատրաստ են կանգնելու:
Այս պատերազմի ժամանակ Ակներն ու Վերիշենն ունեցել են իրենց ջոկատները: Ինքը՝ Լեւոն Սահակյանը, նույնպես կռվել է Արցախյան առաջին պատերազմում, եղել է Ակների կամավորական ջոկատի շտաբի պետը: Այսօր էլ պատրաստ է զենք վերցնելու, բայց վստահ է՝ հարցի լուծում չէ: «Նախ մեր ներքին թշնամիներին պետք է զսպենք, որոնց հաջողվել է երեկվա դեպքի առթիվ խուճապ առաջացնել: Իսկ խուճապի կարիք չկար, կա մտահոգվելու կարիք, մտածելու անհրաժեշտություն: Երկու հարյուր հոգի զինված ադրբեջանցի եկել, Գորիսից ուղիղ գծով տասը կիլոմետրի վրա կանգնած են: Այս մասին թող մտածեն, ոչ թե տարածեն, թե բախումներ են եղել, վիրավոր կա եւ այլն:
Ասեմ, որ ադրբեջանցիներն այդպես էլ կանգնած մնալու են, կարող է մի քիչ հետ գնան (եթե իրենց ղեկավարությունից ասվի), բայց իրենց սահմանից մի մետր չեն հեռանալու: Լուծումը սա է՝ սահմանը ճշգրտվի, մեր զինվորներն էլ գան իրենց դեմ դիմաց, ճակատ ճակատի կանգնեն, եւ զենքի միջոցով առայժմ պահպանվի խաղաղությունը: Խաղաղությունը ձեռք է բերվում զենքի ուժով, սա ես չեմ ասել, սա մեր մեծերն են ասել, ադրբեջանցին մինչեւ հային ուժեղ չտեսնի, կանգ չի առնելու: Մինչեւ ուժեղ չլինես, քո երկրի շահը առաջ չտանես, այս լարված վիճակը երկար է շարունակվելու, նույնիսկ ընտրություններից հետո»:
Մեր զրուցակիցը բնական է համարում, որ վերջին շրջանում Սյունիքը չի դադարում քննարկման թեմա դառնալուց: «Սյունիքը շատ մեծ նշանակություն ունի ոչ միայն Ադրբեջանի եւ Հայաստանի, ոչ միայն Ռուսաստանի եւ Թուրքիայի, այլեւ Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի համար, որոնք այստեղով ուզում են ճանապարհ ունենալ դեպի Եվրոպա: Դա շատ լավ բան է, մեծ օգուտ կլինի մեզ, բայց դրա համար չպետք է միջանցքը տալ ադրբեջանցիներին, որ այդ ճանապարհի տերը մենք լինենք, բարիքներն էլ մենք քաղենք, ոչ թե ադրբեջանցին կամ ռուսը: Սյունիքը հզոր է նաեւ իր հանածո հարստություններով, դրա համար էլ մեր երկրի գանձագողներն ու երկրագողները միշտ ակտիվանում են Սյունիքի թեմայով»:
Մեր զրույցի ընթացքում տեղեկացանք նաեւ, որ Ակներ ու Վերիշեն գյուղերը պատերազմից հետո թեեւ հայտնվել են սահմանին շատ մոտ, բայց սահմանամերձի կարգավիճակ չեն ստացել, չեն օգտվում սահմանամերձ գյուղերի համար նախատեսված պետական ծրագրերից: Այս ուղղությամբ բողոքներն էլ անպատասխան են մնացել, լավագույն դեպքում ասել են՝ ձեզ չի հասնում:
Այս պահին ադրբեջանցիները դեռ Վերիշենի ուղղությամբ պետական սահմանից ներս են, այդտեղից նրանց հեռացնելու համար ընթացող բանակցությունները (որոնց, ըստ Լեւոն Սահակյանի, պիտի մասնակցեին նաեւ ռուսական խաղաղապահները) չեն ավարտվել, ադրբեջանցիները չեն հեռացել, ավելին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան այլ տարածքների նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի եւ Սիսիանի սահմանային հատվածներում։
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։