«Ռոսկոսմոսի» «ՑՆԻԻՄաշ» ընկերության (Մեքենաշինության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի) տեղեկատվական-վերլուծական կենտրոնի պետ Իգոր Բակարասը հայտնել է, որ Երկրի ուղեծրերում կուտակված են շուրջ 7 հազար տոննա տիեզերական աղբ եւ շուրջ 3 հազար տոննա գործող սարքավորում:
Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Բակարասն իբրեւ տիեզերական աղբ թվարկել է շարքից դուրս եկած արհեստական օբյեկտներն ու դրանց հատվածները: Նա շեշտել է, որ դրանք հատկապես վտանգավոր են գործող տիեզերական սարքավորումների համար եւ կարող են բացասաբար ազդել դրանց աշխատանքի վրա:
Կենտրոնի ղեկավարը նշել է նաեւ, որ ուղեծրից չվերահսկվող արտանկման կամ մթնոլորտի խիտ շերտերում ոչ լրիվ այրման դեպքում դրանք վտանգավոր են նաեւ Երկիր մոլորակի համար, քանի որ բեկորները կարող են ընկնել բնակավայրերի վրա:
«Վիճակագրական տվյալների հիման վրա կատարվում են եզրակացություններ, որ 1 սանտիմետրից ավելի չափով այդպիսի օբյեկտների ընդհանուր քանակը բավականաչափ անորոշ է եւ կարող է հասնել հարյուրավոր հազարներից մինչեւ միլիոնի»,- ընդգծել է մասնագետը՝ ճշտելով, որ վերերկյա ռադիոտեղորոշիչ եւ օպտիկական միջոցներով հայտնաբերվում, հսկվում եւ քարտացուցակավորվում է օբյեկտների սոսկ 5 տոկոսը:
Իգոր Բակարասը նշել է, որ սարքավորումների էական աճը տիեզերքում կապված է ցածր մերձերկրային ուղեծրեր արբանյակների խմբավորումների, դրանց թվում՝ Starlink-ի (ավելի քան՝ 1000 արբանյակ) եւ OneWeb-ի (մոտ 100 արբանյակ) արձակման հետ:
Շուրջ 3900 արբանյակ է աշխատում Երկրի ուղեծրերում, 2800 սարքավորում էլ չի գործում եւ ըստ էության տիեզերական աղբ է: Այդ աղբի շուրջ 13 հազարը կրող-հրթիռների հեղույսներ, պտուտակամերներ եւ այլ մետաղական մանրուքներ են:
Տիեզերքում կուտակված 10 եւ ավելի սանտիմետր չափսի օբյեկտների թիվը կազմում է 24,5 հազար, որից 75 %-ը կամ 18,3 հազարը տիեզերական աղբ է: