ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն հայտարարել է, որ ԵԱՀԿ նախագահությունը, ինչպես նաեւ իր անձնական ներկայացուցիչը ուշադրությամբ հետևում են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին:
Եվրոպացի դիվանագետը տեղեկացրել է, որ այս հարցի շուրջ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ։
Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը այսօր ՀՀ սահմանին տիրող իրավիճակի մասին հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ:
Այվազյանը հանգամանալից ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետևանքով ՀՀ Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակը`անթույլատրելի համարելով միջազգային իրավունքի խախտմամբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության փորձերը:
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը եւ ԵԱՀԿ գործող նախագահը համակարծիք են եղել, որ նման գործողությունները լուրջ մարտահրավեր են տարածաշրջանային անվտանգությանը եւ խաղաղությանը:
Արա Այվազյանը շեշտել է, որ ԵԱՀԿ մասնակից պետության տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ Ադրբեջանի գործողությունները, դրանց նախորդած սպառնալիքներն ուղղակիորեն հետեւանք են նախորդ տարի սեպտեմբերի 27-ին Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի եւ դրան հաջորդած շրջանում Ադրբեջանի ծայրաստիճան ագրեսիվ գործելակերպի հանդեպ միջազգային հանրության ոչ պատշաճ արձագանքի:
Կողմերը վերահաստատել են ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգության, խաղաղության եւ կայունության պահպանման ուղղությամբ համատեղ եւ գործուն ջանքեր գործադրելու իրենց հանձնառությունը: