Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ադրբեջանի արտգործնախարարությունը ուշ երեկոյան, երկօրյա լռությունից հետո առաջին անգամ անդրադառնալով Հայաստանի հետ սահմանին ստեղծված իրավիճակին, պնդել է՝ ադրբեջանական բանակն ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը, որոնք մինչ այդ անհասանելի էին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։
«2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ ադրբեջանական սահմանապահ զորքերը եղանակային պայմանների բարելավումից հետո տեղակայվում են մեր երկրի դիրքերում՝ Հայաստանի հետ սահմանակից Լաչինի եւ Քելբաջարի շրջանի բնակավայրերում, որոնք ունեն բարդ լեռնային ռելիեֆ եւ կլիմայական պայմաններ։ Այս գործընթացն իրականացվում է սովորական ռեժիմով եւ պարբերաբար»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Դիվանագիտական կառույցը պնդել է, թե այդ քայլերն իրականացվում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում եւ հիմնված են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագիծը որոշող քարտեզների վրա: Պաշտոնական Բաքուն չի մոռացել հիշեցնել, որ «անկախացումից հետո երկու երկրները հասկանալի պատճառներով պետական սահման չեն ունեցել»։
«Այդ իսկ պատճառով մենք խոսում ենք դժվարին տեխնիկական գործընթացի մասին, որն այժմ ուղեկցվում է կողմերի միջեւ անհամաձայնություններով: Զարմանալի է, որ հայկական կողմը ոչ համարժեք արձագանքեց այս գործընթացին եւ սադրիչ հայտարարություններ արեց։ Հայաստանում սպասվող ընտրություններից առաջ այս հարցը քաղաքական նպատակներով շահարկելու՝ պաշտոնական շրջանակների փորձերն անընդունելի են»,- շարունակել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Պաշտոնական հաղորդագրության մեջ Բաքուն հաստատում է, որ երեկվանից նշյալ տարածք է ուղարկվել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավարությունը, հայկական կողմի հետ ընթանում են բանակցություններ, եւ ձեռնարկվում են համապատասխան քայլեր՝ իրավիճակի կարգավորման համար։
«Խորհուրդ ենք տալիս Հայաստանի քաղաքական ու ռազմական շրջանակներին խուճապի չմատնվել, ընդունել Զանգելանի, Կուբաթլուի, Լաչինի եւ Քելբաջարի շրջանների երկայնքով ընկած միջպետական սահմանի ռեժիմի իրողությունը եւ անհիմն չխորացնել տարածաշրջանի լարվածությունը։ Այսօրինակ դեպքերը կարող են եւ պետք է լուծվեն երկու կողմերի զինվորականների փոխադարձ շփումների միջոցով»,- պնդել է պաշտոնական Բաքուն: