ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հայտարարություն է տարածել Հայաստանի Սյունիքի մարզի Ադրբեջանի անօրինական ներխուժման հաղորդագրությունների կապակցությամբ:
Մենենդեսը շեշտել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքի թափանցումը վտանգավոր եւ մշտական սպառնալիքն ընդգծող անօրինական ագրեսիայի գործողություն է, որին հայ ժողովուրդը շարունակում է առնչվել:
«ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի հետ զրույցից հետո պարզ դարձավ, որ ԱՄՆ-ն եւ միջազգային հանրությունը շատ խիստ պետք է արձագանքեն այս ներխուժմանը, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ իր չարամիտ գործողությունները լուրջ հետեւանքներ կունենան»,- ընդգծել է Մենենդեսը:
«Երբ անցած տարի Ադրբեջանը հարձակվեց հայ ժողովրդի վրա, ԱՄՆ նախկին վարչակազմը չկարողացավ միջամտել եւ բաց թողեց դռները, որպեսզի բռնապետները՝ Ալիեւը, Էրդողանն ու Պուտինը, որոշեն հայ ժողովրդի ճակատագիրը»,- ափսոսանք է հայտնել սենատորը:
«Դա չի կարող նորից կրկնվել: Ես Բայդենի վարչակազմին կոչ եմ անում ամենաբարձր մակարդակով զբաղվելու այս հարցով եւ հստակ հայտարարելու, որ Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի ինքնիշխանությունը, եւ որ հետագա սպառնալիքներն ու ագրեսիան պարզապես անընդունելի են»,- ընդգծել է Մենենդեսը: