Կանադայի խորհրդարանի անդամ Մայքլ Չոնգն իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի սահմանին տեղի ունեցող զարգացումների առնչությամբ: «Թվիթեր»-ի իր էջում նա նշել է, որ Կանադայի կառավարությունը պետք է բարձրաձայնի Հայաստանի տարածքային ամբողջականության հարցի մասին:
Մայքլ Չոնգը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի զորքերի Հայաստան անցնելու մասին հաղորդագրություններով: «Թրյուդոյի կառավարությունը, որը թույլ է տվել զենքի արտահանումը` խախտելով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազում ուժերի հարաբերակցությունը, պետք է բարձրաձայնի Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցի մասին»,- նշել է կանադացի խորհրդարանականը:
Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր մայիսի 12-ից հատել են Հայաստանի պետական սահմանը եւ Սեւ լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են ձեռնարկել:
Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից:
Ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել:
Ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: