Ազգային ժողովն այսօր՝ ժամը 18:00-ին, արտահերթ նիստ կգումարի Սյունիքում, Գեղարքունիքում եւ Հայաստանի սահմանամերձ գոտիներում ստեղծված ճգնաժամային իրավիճակի հարցով։
«Հիմք ընդունելով 2021 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 18:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաեւ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության «Ազգային ժողովի խորհրդին միջնորդությամբ դիմելու մասին» որոշումը՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է համաձայնություն տալ 2021 թվականի մայիսի 14-ին` ժամը 18:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն»,- ասված է ԱԺ խորհրդի որոշման մեջ։
Ադրբեջանական զինուժի՝ Հայաստանի տարածք ներխուժելու եւ Սյունիքի մարզի Սեւ լճի տարածքում, ինչպես նաեւ Սիսիան քաղաքի եւ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ուղղություններով առաջխաղացման կապակցությամբ Հայաստանը դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
Այժմ ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում Հայաստանի տարածքները լքելու պահանջով։