Ըստ արաբական Dunya Al Watan ռադիոկայանի՝ Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել է, որ այս գիշեր իսրայելացի իրավապահների հետ ընդհարումներում Երուսաղեմում եւ Հորդանան գետի արեւմտյան ափին առնվազն 139 պաղեստինցի է վիրավորվել:
Մայիսի 13-ի երեկոյան առավել կատաղի ընդհարումներ են տեղի ունեցել Արեւմտյան ափի Երիքով քաղաքի մերձակայքում, որտեղ Իսրայելի սահմանապահ ոստիկանության հետ բախումներում վիրավորվել է 33 պաղեստինցի:
Նախօրեին Արեւելյան Երուսաղեմում եւ Հորդանան գետի արեւմտյան ափի մի քանի բնակավայրերում իսրայելացի ուժայինների հետ ընդհարումների ժամանակ 40 արաբ է վիրավորվել, 1-ը՝ զոհվել:
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մայիսի 10-ից Գազայի հատվածում իսրայելական բանակի հարվածների զոհ է դարձել 109 պաղեստինցի, նրանց թվում՝ 28 դեռահաս եւ 15 կին: Վիրավորվել է ավելի քան 620 մարդ:
Ոստիկանության վերահսկողությունից դուրս
Իսրայելի խորհրդարանի աջամետ պատգամավոր, արդարադատության նախկին նախարար Այլեթ Շաքիդը հայտնել է, որ Ալ-Լոդում, Ալ-Խալիլում, Թել Ավիվում, Հայֆայում, Բեթ Յամում եւ մի շարք այլ քաղաքներում ու ավաններում բախումներ են տեղի ունեցել պաղեստինցիների եւ իսրայելցիների միջեւ, եւ իրավիճակը ոստիկանության վերահսկողությունից դուրս է եկել: Նախկին նախարարը բանակին կոչ է արել քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
Ավելի քան 1800 հրթիռ եւ 523 վիրավոր
Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերն անցած գիշեր Գազայի հատվածի ռազմական թիրախների դեմ իրականացրել են հակամարտության նոր փուլի սկսվելուց ի վեր խոշորագույն գործողությունը:
Կոնրիկուսը նշել է, որ մայիսի 13-ի լույս 14-ի գիշերը Գազայի հատվածում միաժամանակ 150 թիրախ է հարձակման ենթարկվել։ Օդային հարձակումը տեւել է 40 րոպե։
Պաշտոնյան ասել է, որ հարձակման նպատակը եղել է թունելների ցանցը, որը պաղեստինցիներն օգտագործում են թաքնվելու եւ տեղափոխելու նպատակով: Ընդ որում՝ Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ ցամաքային գործողություն չի իրականացվել։
Կոնրիկուսը նշել է, որ մայիսի 10-ից պաղեստինցիները Գազայի հատվածից Իսրայելի տարածքով արձակել են ավելի քան 1800 հրթիռ, որոնցից 430-ը ընկել է հենց պաղեստինյան անկլավի տարածքում՝ չհատելով սահմանը:
Պաղեստինյան հրթիռակոծությունից զոհված իսրայելացիների թիվը հասել է 7-ի, Իսրայելի շուրջ 523 բնակիչ վիրավորվել է:
Ավելի քան 650 թիրախ
Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում խոցել է ավելի քան 650 թիրախ՝ ներառյալ արձակման հրթիռային կայանքներ, պաղեստինցի արմատականների կողմից Իսրայելի վրա գրոհների համար օգտագործվող 10 թունել, վերացրել ՀԱՄԱՍ-ի եւ «Իսլամական ջիհադի» ավելի քան 100 զինյալների:
Այս գիշեր իսրայելական հրետանին միացել է երկրի օդուժին՝ նույնպես հարվածներ հասցնելով Գազայի հատվածին, ասված է երկրի զինված ուժերի հայտարարությունում:
ՀԱՄԱՍ-ը շատ թանկ կվճարի
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր տեսաուղերձում հայտարարել է. «Ես խոստացել էի, որ ՀԱՄԱՍ-ը շատ թանկ կվճարի։ Մենք մեծ ուժով հակահարված ենք տալիս ու կշարունակենք նույն կերպ»:
Իսրայելի իշխանությունները 7-9 հազար պահեստազորայինների զորակոչի մասին որոշում են ընդունել: Նրանց շուրջ կեսը կներգրավվի հակաօդային պաշտպանության, հրետանային, բժշկական ստորաբաժանումներում:
Անվտանգության խորհուրդը կքննի
ԱՄՆ Պետքարտուղարությունը երեկ դիմել է Միացյալ Նահանգների քաղաքացիներին` առաջարկելով վերանայել Իսրայել այցելելու ծրագրերը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 16-ին բաց նիստում կքննարկի իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը:
Իրադրությունը իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում կտրուկ սրվել է անցած շաբաթավերջից, ընդհարումները վերաճել են մարտական գործողությունների՝ ծանր զինտեխնիկայի, հրթիռների կիրառմամբ: Երկու կողմերից տասնյակ զոհեր, հարյուրավոր վիրավորներ կան։