Լոռու մարզի Ուռուտ գյուղի բնակիչներն այսօր թույլ չտվեցին, որ կայանան «ՋԻՆ ՀՈԼԴԻՆԳ ԼԻՄԻԹԻԴ» ՍՊԸ-ի նախաձեռնած հանրային լսումները Ստեփանավանի հանքային շրջանի Ուռուտի բազմամետաղային հանքային դաշտի տեղամասում 2021-2024 թվականներին նախատեսվող երկրաբանահետախուզական աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ։
Գյուղացիները միահամուռ հայտարարեցին, որ չեն ցանկանում հանքարդյունաբերության մասին որեւէ բան լսել թե՛ այսօր, թե՛ հետագայում, ու հարցը պետք է մեկընդմիշտ փակել։
Կազմվեց արձանագրություն հետեւյալ բովանդակությամբ․ «Համայնքի բնակիչների միջամտության եւ դեմ լինելու արդյունքում Ուռուտի համայնքապետարանում 2021-ի մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին կայանալիք հանրային լսումը չկայացավ»։ Ինչը բնակիչները հաստատեցին ստորագրություններով։
Ուռուտցիներն իրենց համայնքի զարգացումը տեսնում են գյուղատնտեսության ուղղությամբ։ Նրանց հավաստմամբ վերջին տարիներին տեղադրվել է հակակարկտային կայան, ընդլայնվել են ցանքատարածությունները, նախկինում գործող պանրի երկու գործարաններից բացի՝ ստեղծվել է նաեւ նորը՝ ավելի խոշորը, որի շնորհիվ կաթի մթերումը խնդիր չէ։
Տեղեկացանք, որ տարիներ առաջ, առանց իրենց իմացության, իրենց իսկ սեփականությունը հանդիսացող հողերում հետազոտության նպատակով հորատումներ են կատարվել։ Ըստ երեւույթին՝ նման աշխատանքներ իրականացվել են «ԷՔՈՒԻՎԵՍՏ ԱԼԼԻԱՆՍ ՖԱՈՒՆԴԵՅՇՆ» ՍՊԸ-ի կողմից, քանի որ 2015-ից մինչեւ 2020-ի հուլիս վերջինս ուներ տարածքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն:
Ի տարբերություն այսօրվա լսումների՝ մեկ ամիս առաջ տարածքի օգտակար հանածոյի պաշարների հետազոտությամբ հետաքրքրված մեկ այլ՝ «Նեյչրլ Ռեսուրսիզ» ընկերության նախաձեռնած լսումները կայացել են։ Դրանց մասնակցել են Ուռուտ բնակավայրի վարչական ղեկավարը, Լոռի Բերդի համայնքապետարանի առաջին կարգի մասնագետը, համայնքի բնակիչներ, հիմնականում նրանք, ովքեր հետազոտության ենթակա տարածքում սեփական հողատարածքներ ունեն։
Ընկերության ներկայացուցիչը ներկաներին հավաստիացրել է, որ թեև նախատեսվող գործունեությունը ենթակա է փորձաքննության, ազդեցությունը շրջակա միջավայրի ու բնակչության կենսակերպի վրա լինելու է նվազագույն, իսկ խախտված հողատեսքերի տերերը փոխհատուցում կստանան։
Այն ժամանակ մասնակիցներից ոմանք դրական են արտահայտվել՝ ողջունելով աշխատատեղերի ստեղծման նման հնարավորությունը։ Գյուղացիների պնդմամբ իրենք լիարժեք իրազեկված չեն եղել, իսկ այսուհետ բոլոր հանքարդյունաբերողներին խորհուրդ են տալիս մոռանալ իրենց գյուղի ճանապարհը։
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։