Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրապարակավ խոստացել է աջակցել պաղեստինցիներին նույն պատրաստակամությամբ, որով Ադրբեջանին էր օգնում ղարաբաղյան վերջին պատերազմում:
Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան երբեք չի հանդուրժի Իսրայելի հարձակումները պաղեստինցիների վրա: Նա նշել է, որ Գազայի իրադրության թեմայով բանակցություններ է վարել 19 երկրի նախագահների եւ կառավարությունների ղեկավարների հետ։
«Իսրայելին կասեցնելը մարդկության պատվի հարցն է։ Մենք միջազգային հանրությանը հորդորում ենք գործի անցնել։ ՄԱԿ-ի մասնակցությունն անհրաժեշտ պայման է։ Պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն, հակառակ դեպքում սարսափելի հետեւանքներն անխուսափելի են»,- զգուշացրել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանն ասել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պարտավոր է քայլեր ձեռնարկել Երուսաղեմում խաղաղություն հաստատելու համար՝ Գլխավոր վեհաժողովի ընդունած բանաձեւերին համապատասխան։
Առաջնային համարելով ինքնապաշտպանության իրավունքը
Միացյալ Նահանգներն իր աջակցությունն է հայտնել Իսրայելին՝ հայտարարելով, որ այդ երկիրն ինքնապաշտպանության իրավունք ունի այս հակամարտությունում, եւ ԱՄՆ-ն ապահովելու է նրա ռազմական գերակշռությունը:
ԱՄՆ քաղաքական հարցերով պաշտպանության փոխնախարար Քոլին Քոլը Իսրայելի ՊՆ ռազմաքաղաքական դեպարտամենտի տնօրեն Զոար Պալտիի հետ Պենտագոնում տեղի ունեցած հանդիպմանը դատապարտել է իսրայելցի քաղաքացիական անձանց դեմ ահաբեկչական գործողություններն ու ընդգծել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին Միացյալ Նահանգների աջակցությունը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ըմբռնումով է մոտենում Իսրայելի՝ իր տարածքը հրթիռակոծող պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի դիրքերին պատասխան հարվածներ հասցնելու փաստին:
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը