Հայաստանի Ազգային ժողովը այսօր անցկացրած արտահերթ նիստում միաձայն՝ 86 «կողմ» ձայնով ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունը դատապարտող հայտարարություն է ընդունել։
«Սահմանամերձ գոտիներում, մասնավորապես Սյունիքում եւ Գեղարքունիքում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների, սահմանների պահպանության եւ անվտանգության ապահովմանն ուղղված հարցերի մասին» անվանումով հայտարարության մեջ ընդգծվել է, որ ադրբեջանական զինուժի գործողություններն անընդունելի են ՀՀ-ի համար, դա ակնհայտ ոտնձգություն է ՀՀ-ի ինքնիշխան տարածքի նկատմամբ, եւ ՀՀ-ն երբեւէ չի հանդուրժի ստեղծված իրավիճակը:
Խորհրդարանը դատապարտել է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները եւ փաստել, որ Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականությունը խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչը Հայաստանի Հանրապետությանը իրավունք է վերապահում իրականացնելու միջազգային իրավունքով, ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ նախատեսված համարժեք բոլոր գործողությունները:
ԱԺ-ն հայտարարել է, որ ձեռնարկվելու են վճռական կոշտ գործողություններ՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիան կասեցնելու եւ ՀՀ ժողովրդին եւ ինքնիշխան տարածքը պահպանելու նպատակով:
Միջազգային հանրությանը կոչ է արվել դատապարտելու Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված սադրիչ գործողությունները, ուժի գործադրման սպառնալիքներն ու փաստացի գործադրումը, որը սպառնում է տարածաշրջանային փխրուն խաղաղությանն ու անվտանգությանը: