ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում բոլոր իրավասու մարմիններին առաջարկել է աջակցել անվտանգության գոտու ստեղծման հայեցակարգին:
«Մեր երկրի բոլոր մարմիններին, միջազգային ատյանների պատվիրակություններում ընդգրկված պատգամավորներին, հասարակական-քաղաքական իրավասու կառույցներին ու մասնագետներին առաջարկում եմ աջակցել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին` առաջ տանելու Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով Սյունիքի եւ Գեղարքունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգը: Այս առաջարկով դիմում եմ նաեւ մեր հզոր Սփյուռքի կառույցներին ու անհատներին»,- ասված է ՄԻՊ-ի հաղորդագրությունում:
Արման Թաթոյանը նշել է, որ այդ նպատակի համար ՄԻՊ-ի գրասենյակը կներկայացնի անհրաժեշտ փաստեր ու հիմնավորումներ:
«Անվտանգության գոտին անհրաժեշտ է ՀՀ սահմանային բնակիչների, մեր երկրի քաղաքացիների իրավունքների երաշխավորման համար: Սյունիքի եւ Գեղարքունիքի գյուղերի հարեւանությամբ, Սյունիքի համայնքների միջեւ ճանապարհներին ադրբեջանական զինվորականներ, դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն»,- ընդգծել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը: