Ըստ APA գործակալության՝ Ադրբեջանի օդուժը՝ ռազմական օդանավերը, «Բայրաքթար» եւ այլ տեսակի անօդաչու թռչող սարքերը, ըստ նախատեսված ծրագրի, իրականացնում են ուսումնավարժական թռիչքներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռազմական ունակությունները կատարելագործելու նպատակով ռազմական օդաչուներն ու ԱԹՍ-ի օպերատորները խնդիրներն իրականացնում են ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին։ Վարժանքների ընթացքում անցկացնում են օդային հետախուզություն պայմանական հակառակորդի թիրախների կոորդինատորները որոշելու համար։
ՊՆ-ն հայտնել է, որ օդուժի թռիչքները կատարվում են որոշակի ուղղություններով՝ առանց հստակեցնելու, թե որ տարածքում են իրականացվում դրանք։
Ավելի վաղ պաշտոնական Բաքուն հաղորդել է, որ Ադրբեջանը շուրջ 20 նոր զորամաս է ստեղծել վերջին պատերազմից հետո իր վերահսկողության տակ անցած տարածքներում:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երեկ այցելել է մոդուլային եւ կոնտեյներային տիպի այդ զորամասեր։ Տեղակայման վայրը Ադրբեջանի ՊՆ-ն դարձյալ չի հստակեցրել: