ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության եւ ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում, եւ Հայաստանն ակտիվացնում է Հավաքական անվտանգության պայմանագրով ու հայ-ռուսական ռազմավարական համակարգով նախատեսված արձագանքման ընթացակարգերը:
Նա ընդգծել է, որ ՀՀ-ն երբեք միջանցքի հարց չի քննարկել եւ չի քննարկելու․ «տարածաշրջանի կոմունիկացիների բացումը ՀՀ քաղաքական օրակարգում է, բայց դա որեւէ կերպ չի կարող կապ ունենալ «Զանգեզուրի միջանցքի», «միջանցքային» ադրբեջանական պրոպագանդայի հետ»:
«Այն քննարկումները, որ մենք ունեցել ենք, հրապարակային են, դրանք արտահայտված են հունվարի 11-ի համատեղ հայտարարության եւ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հետ կապված պաշտոնական տեղեկատվության մեջ»,- շեշտել է Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է քաղաքական միջոցներով կարողանան հասնել խնդրի լուծմանը:
«Եվ եթե այսպիսի արդյունքի հնարավոր չլինի հասնել, այդ դեպքում նույն տրամաբանության մեջ պետք է գործի դրվեն ռազմաքաղաքական մեխանիզմները: Նկատի ունեմ՝ Հավաքական անվտանգության պայմանագրով եւ հայ-ռուսական պայմանագրերով նախատեսված են գործառույթներ, եւ այդ պայմանագրերը նախատեսված են հենց այսպիսի դեպքերի համար, ու մենք, մեր լեգիտիմ իրավունքից օգտվելով, ձեռնարկել ենք այդ գործողությունների մեկնարկը»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը: Նա նշել է, որ բանակցությունները կշարունակվեն չորեքշաբթի՝ մայիսի 19-ին: