ԻԻՀ ԱԺ Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրին հայտարարել է, որ Իրանը չի ընդունում տարածաշրջանի որեւէ փոփոխություն․ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի:
«Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը շատ պարզ է, հստակ եւ որոշիչ. մենք չենք ընդունում տարածաշրջանի որեւէ փոփոխություն, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի, մենք չենք ընդունում վերտարածաշրջանային որեւէ ուժ մեր սահմանների մոտ»,- հայտարարել է Մոջթաբա Զոլնուրին՝ անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ տարածք ներխուժմանն ու հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին։
«Մեզ համար անընդունելի է Հայաստանի տարածքի մի մասը վերցնելու ցանկությունը, եւ որ մեր սահմանները փոփոխության ենթարկվեն, այսինքն՝ ունենանք նոր հարեւան: Սահմանները պետք է լինեն անփոփոխ, ամբողջությամբ պաշտպանված, եւ պետք է պահպանվի Իրանի ընդհանուր սահմանը Հայաստանի հետ»,- ընդգծել է իրանցի խորհրդարանականը։
Իրանի ԱԺ Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը նշել է, որ երկու երկրներն իրավասու են պահպանել իրենց տարածքային ամբողջականությունը: Նա շեշտել է, որ Իրանը սատարում է տարածքային ամբողջականության պահպանման՝ Ադրբեջանի դիրքորոշումը, եւ նաեւ պաշտպանում է Հայաստանի դիրքորոշումը իր տարածքային ամբողջականությունը, հողը եւ Իրանի հետ հարեւանության սահմանը պահպանելու հարցում:
«Մենք երկու երկրների հետ հարեւաններ ենք եւ, նախկինում եղած իրավիճակով պայմանավորված, առանց տարածաշրջանում որեւէ փոփոխություն ընդունելու, մենք աջակցում ենք երկու երկրների տարածքային ամբողջականությանը»,- նշել է Զոլնուրին։