Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ՀԱՊԿ անդամ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաեւի հետ հեռախոսազրույցում պնդել է, որ հայկական կողմն անհամարժեք է արձագանքում սահմանին ստեղծված իրավիճակին։
Տոկաեւին տեղեկացնելով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ Ալիեւը հավելել է, որ ներկայում ընթանում է սահմանի ճշգրտման գործընթաց, եւ «հայկական կողմն անհամարժեք է արձագանքում այդ գործընթացին»։
«Այս առնչությամբ ՀԱՊԿ-ին դիմելու Երեւանի որոշումը ոչ այլ ինչ է, եթե ոչ խնդիրը միջազգայնացնելու փորձ, ինչը բոլորովին անհիմն է»,- ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ասել է Ալիեւը:
Ավելի վաղ Բաքուն հայտարարել էր, թե խնդիրը պետք է կարգավորվի երկկողմ ձեւաչափով։ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն ի պատասխան ասել է, որ երկու երկրները չունեն հարաբերություններ, ուստի բանակցություններին պետք է մասնակցի Ռուսաստանը։
Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաեւ ՌԴ նախագահին՝ ռազմական օգնության համար:
Երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եւս հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ: Նա անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունը՝ կարեւորելով խնդրի լուծման նպատակով ՀԱՊԿ գործընկերների դիրքորոշումների համադրումը։
Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են զորքը դուրս բերել Հայաստանի ինքնիշխան տարածքից։
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»:
Կողմերի միջեւ բանակցությունները կշարունակվեն մայիսի 19-ին։
Հավելենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի թեմայով հեռախոսազրույց է ունեցել նաեւ ՀԱՊԿ անդամ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ։
ՀՀ վարչապետի պաշտոնակատարն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունը եւ կարեւորել խնդրի լուծման նպատակով ՀԱՊԿ գործընկերների դիրքորոշումների համադրումը։