ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարարել է, որ 2021 թ. հունվարի 11-ի հայտարարության կետերի համաձայն՝ ստեղծված աշխատանքային խմբում «Զանգեզուրի միջանցքի» կամ որեւէ միջանցքի հարց չի քննարկվել եւ չի քննարկվում:
Փոխվարչապետների մակարդակով քննարկումներն ընթանում են տարածաշրջանում առկա տրանսպորտային ուղիների ապաշրջափակման շուրջ:
Փոխվարչապետի գրասենյակն ընդգծել է, որ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն Հայաստանի երկաթուղիների սեփականատերը չէ, երկաթուղային ենթակառուցվածքի սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է:
Ուստի Ալիեւը ռուսական կողմի հետ «Զանգեզուրի միջանցքի» հարց չի կարող քննարկել:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով ստեղծված աշխատանքային խումբը լուրջ քայլեր է ձեռնարկել «Զանգեզուրի միջանցքի» ուղղությամբ: Ալիեւը հայտարարել է նաեւ, թե «Ռուսական երկաթուղիները» Հայաստանի երկաթուղիների սեփականատերն է, որի պատճառով Բաքուն այդ հարցը քննարկում է ռուսական կողմի հետ։