ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ադրբեջանական զինուժի սադրանքներից հետո հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը, նախորդ օրվա համեմատ, էական փոփոխություններ չի կրել։
Մայիսի 16-ի բանակցություններից հետո ՀՀ տարածք մուտք գործած ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների մի քանի խումբ վերադարձել է ելման դիրքեր։ Այդուհանդերձ, զինվորականների մի մասը դեռ Հայաստանի Հանրապետության տարածքում է։
Խնդրի խաղաղ հանգուցալուծման շուրջ ՀՀ պաշտպանության նախարարն այսօր քննարկումներ է ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, ՌԴ ԱԴԾ ՍԾ տնօրենի հետ, ՀՀ ՊՆ-ում հյուրընկալվել են Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդները։
ՀՀ պաշտպանության նախարարությունը վերստին հայտարարում է, որ բացարձակ անընդունելի է ՀՀ ինքնիշխան տարածքների հանդեպ ցանկացած ոտնձգություն, եւ անկանխատեսելի հետեւանքներով հղի զարգացումներից խուսափելու համար ադրբեջանցի զինվորականները առանց որեւէ նախապայմանի պարտավոր են հեռանալ մեր երկրի տարածքից։