Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ վերջինիս նախաձեռնությամբ:
Ըստ ՀՀ կառավարության`ամերիկյան կողմն անընդունելի եւ սադրիչ է համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները եւ տեղեկացրել, որ ԱՄՆ դիրքորոշումը ներկայացվելու է նաեւ ադրբեջանական ղեկավարությանը՝ պահանջելով դուրս բերել իրենց ուժերը ՀՀ տարածքից:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սալիվանը բարձր է գնահատել տվյալ իրավիճակում հայկական կողմի ցուցաբերած զսպվածությունը եւ հարցերը ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ճանապարհով լուծելու քայլերը:
Ամերիկյան կողմն իր մտահոգությունն է հայտնել նաեւ Ադրբեջանում պահվող հայ գերիների առնչությամբ եւ ընդգծել նրանց վերադարձի ապահովման կարեւորությունը։