Էրիկ Միքայելյանը չարաբաստիկ դեպքի օրը զանգել էր մորը եւ ասել, որ իր ծառայակից ընկերը՝ Էմանուելը, վիրավոր է, եւ նրան տեղափոխել են Երեւան, ու խնդրել էր անպայման իմանալ, թե որտեղ եւ ինչպես է ընկերը, ու լուր հասցնել իրեն։ Լիանան հաջորդ օրը գնացել էր հոսպիտալ, ընդունարանում ասել էին, որ Էմանուելն այլեւս չկա։ Նա մինչ այդ չէր ճանաչում Էմանուելին ու նրա ընտանիքին, իսկ հիմա տղայի մոր՝ Լուսինեի հետ ցավակից ընկերներ են․ միասին են այցելում Եռաբլուր։
«Էությամբ շատ բարի է, մարդամոտ, ընկերասեր։ Չգիտեմ որտեղից սկսել եւ բնավորության որ գծերը թվել, շատ լավն է, մարդկանց հասնող, նվիրվող,- ասում է մայրը՝ Լիանա Ավդալյանը՝ որդու մասին խոսելով ներկա ժամանակով,- սպիտակամաշկ եւ շեկ մազերով է իմ լույս տղեն»։
Լիանան պատմում է՝ Էրիկը գեղեցիկ եւ ջերմ ժպիտ ուներ, հարեւաններն ու բարեկամներն էլ հաճախ էին նրան համեմատում արեգակի հետ, հատկապես երբ ժպտում էր․ չէ՞ որ ինչպես արեւից, այնպես էլ Էրիկի ժպիտից մարդկանց տրամադրությունը բարձրանում էր, ներքուստ էլ ջերմություն էին զգում։
Էրիկը տղամարդու վարսահարդար էր։ Լիանան հիշում է, թե ինչպես մի անգամ կարողացել է որդուն համոզել, որ իր մազերն էլ կտրի։ Սկզբում չի համաձայնել, թե՝ «կապականի մազերը», բայց Լիանան պնդել է: «Դողդողալով էր կտրում, ես էլ ասացի, որ համարձակ կտրի, մազ է էլի, ասաց՝ «էս կինն ուզում է քաչալանալ»»,- ժպիտը դեմքին՝ հիշում է Լիանան։
Էրիկը հայրենասեր էր, մեծ ոգեւորությամբ եւ իր կամքով էր մեկնել բանակ։ Մինչեւ զորակոչվելը մոտ մեկուկես տարի էր արդեն, ինչ Մոսկվայում էր բնակվում, բայց վերադարձավ հայրենիք՝ իր երկրի առջեւ պարտքը կատարելու։
«Արդեն աշխատում էր, ինքը որոշեց հետ գալ, ուզում էր անպայման Հայաստանի զինված ուժերում ծառայել, թեև հնարավորություն ուներ մնալու ՌԴ-ում եւ ընդամենը մեկ տարի ծառայելու բանակում, բայց չհամաձայնեց։ Ասում էր՝ «Չէ՛, պիտի գնամ ու վերջ»»,- հիշում է մայրը։ Ավա՜ղ, տղան իր հայրենասիրության համար կյանքով վճարեց։
Երիտասարդը բազում նպատակներ ուներ. բանակից վերադառնալուց հետո մանկության երկու մտերիմ ընկերներով որոշել էին գեղեցկության սրահ բացել։ Բայց պատերազմը խառնեց նրանց ծրագրերը։
Երբ Էրիկը դիրքերում էր մարտնչում, նրա փոքր եղբայրներն էլ թիկունքից էին փորձում օգնել զինվորներին։ Բակի ընկերների հետ զինվորների համար իրեր, գումար եւ ուտելիք էին հավաքում, դասավորում արկղերի մեջ, հետո ուղարկում Արցախ։ Հատկապես ոգեւորված էր յոթամյա Աշոտիկը։
«Կատակով ասում էի՝ Աշո՛տ, մի հատ կոնֆետ կտաս, ասում էր՝ «Մամա՛ ջան, չէ՛, սա զինվորների համար է»։ Ոչ մեկին ոչինչ չէր տալիս, որովհետեւ դա պետք է ուղարկեր դիրքերում կռվող մեր պաշտպաններին»,- պատմում է Լիանան։
Հենց չարաբաստիկ դեպքի գիշերը Լիանան զանգ է ստացել․ զինվորներ էին զանգահարել, որոնց հասել էր երեխաների պատրաստած արկղը, Աշոտիկի հետ էին ուզում զրուցել, զանգել էին շնորհակալություն հայտնելու։ Լիանան հեռախոսը փոխանցել է փոքր որդուն, զինվորներն ասել են՝ «Ախպե՛րս, մերսի, ուղարկածդ հասել է մեզ, հանգի՛ստ եղիր»: Փոքրիկ Աշոտիկն էլ մեծավարի պատասխանել է. «Դե լավ է, տղե՛րք ջան, անո՛ւշ արեք, բայց մի հատ ախպորս կգտնեք, անունը Էրո է, Հադրութից է»։
Բանն այն է, որ պատերազմի օրերին Էրիկը այնքան էլ հաճախ չէր զանգում, մայրը արցունքն աչքերին կարդում էր զոհված զինվորների անունները՝ մինչեւ վերջին վայրկյանը հուսալով, որ Էրիկի անունը չարաբաստիկ ցուցակում չի տեսնի։
««Չկա, Աստված ջան, բա ինչի՞ չի զանգում, ինքս ինձ հարցնում էի։ Հետո, երբ զանգում էր, ասում էր, որ լավ է, քնած էր, նոր է արթնացել։ Հարցնում էի՝ հանգի՞ստ է այդտեղ, ասում էր՝ «Հա, մա՛մ ջան», բայց դե լսվում էին պայթյունի ձայները»։
«Դեպքի օրը զանգահարել էր՝ ասելու, որ իր ծառայակից ընկերը՝ Էմանուելը, վիրավոր է, տեղափոխել են Երեւան, ու որ ես նրան գտնեմ ու լուր հասցնեմ իրեն։ Խոստացա գտնել ընկերոջը, ու զանգը ընդհատվեց։ Սիրտս վախ ընկավ, զգում էի, որ մի բան այն չէ»,- հիշում է Լիանան։
Հետո Էրիկը մի անգամ էլ է զանգել մորը ու վստահեցրել, որ կապերի հետ է խնդիրը։ Չնայած որդու խոսքին՝ Լիանան չի հանգստացել։
Հաջորդ օրը նախ Աշոտիկի հավաքած իրերն են տարել հանձնման կետ, հետո գնացել են Էմանուելին փնտրելու։
«Հիվանդանոցում ահասարսուռ տեսարան էր, երիտասարդ տղաները՝ անվասայլակների վրա, վիրակապված, ոմանք առանց վերջույթների, բայց նույնիսկ այդ վիճակում մոտենում եւ հարցնում էին, թե ինչով կարող են օգնել։ Ընդունարանում իմացա, որ Էմանուելը մահացել է: Չկարողացա խոստումս կատարել, չհասցրի գտնել նրան։ Նույն օրը գիշերը քնիցս վեր թռա, ասես շնչահեղձ էի լինում. հենց այդ պահին եմ կորցրել որդուս»,- արցունքն աչքերին՝ պատմում է մայրը։
Դեպքը հակտեմբերի 25-ին է եղել։ Դիրքերից վերադարձած տղաներն են պատմել: Իրենց ջոկը ԱԹՍ-ի ռմբակոծության է ենթարկվել: Դիրքերից նրանց իջեցնելու ժամանակ Էրիկն ասել է, որ ինքը ավելի լավ վիճակում է, ուրիշները ավելի շտապ օգնության կարիք ունեն, ինքը կսպասի։ Մինչև մոտեցել է երկրորդ մեքենան, արդեն ուշ է եղել․ Էրիկի մոտ ներքին արյունահոսություն է սկսվել։
«Բեկորային վնասվածք է ստացել։ Բեկորը ասեղի պես բարակ է եղել, թոքն է խոցել: Շատ ընկերասեր տղա էր, բարության մարմնացում։ Եթե մեքենայում իր տեղը չզիջեր, ու ժամանակին բժշկական օգնություն ցույց տային, երեւի թե փրկվեր,- ասում է Լիանան:- Ես չեմ տեսել նրան, եղբայրս է գնացել մարմինը ճանաչելու, ասում է, որ դեմքը այլայլված է եղել, տարեց մարդու է նմանվել, մարմնի սպիներով է ճանաչել. չեմ հավատում կամ էլ չեմ ուզում հավատալ ու հաշտվել իրողության հետ»։
Լիանան շարունակում է հուսալ, որ եղբայրը սխալվել է։
«Կամ ես եմ սկսել խենթանալ»,- ասում է նա։
Լիանան մեր զրույցի նախորդ օրն էր այցելել Էրիկին, Լուսինեն էլ՝ Էմանուելին: Երբ մոտեցել են Էրիկի շիրիմին, դրոշակը սկսել է ծածանվել։
«Այսպես են խոսում մեզ հետ»,- մեկնաբանել է Լուսինեն։
Լիանան նկատել է, որ տղայի շիրիմի վրայից հաճախ մրգերը գլորվում են կողքի գերեզմանի մոտ․ երեւի հյուրասիրում է։
Եղբայրները շատ կապված էին Էրիկի հետ։ Չեն հավատում, որ Էրիկն այլեւս չկա։ Եռաբլուր գնալիս էլ պնդում են, թե իրենց ավագ եղբայրը չէ այդտեղ։ Շարունակում են հուսալ եւ սպասել նրա վերադարձին, հատկապես Աշոտիկը։ Մինչ օրս էլ, եթե ինչ-որ տեղ կամ համացանցում զինվորի է տեսնում, ասում է՝ «Մա՛մ, մի հատ հարցրու, էլի, կարո՞ղ է ախպորս ճանաչում են, կարո՞ղ է գիտեն՝ որտեղ է»։
Էրիկը շատ կապված էր Լիանայի հետ։ Նրանց հարաբերությունները ավելի շուտ ընկերական էին, քան թե մոր եւ զավակի։
Փոքր եղբոր հետ վերջին անգամ խոսելիս խնդրել էր, որ մոր հանդեպ ուշադիր լինի եւ իր փոխարեն նրա մասին հոգ տանի։ Ու հիմա, երբ Աշոտիկը Լիանային լացելիս է տեսնում, մոտենում է, հիշեցնում Էրիկի խնդրանքը։
«Տղաս ինձ երբեք չէր խաբել, երբեք, բայց առաջին ու վերջին անգամ խաբեց. խոստացել էր վերադառնալ ու հետ չեկավ»,- զրույցը եզրափակում է Լիանա Ավդալյանը։