ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտնել է, որ ֆինանսական համակարգը մոտ 2.5 մլրդ դրամի չափով ներել է Արցախի պատերազմում զոհված կամ անհայտ կորած համարվող աձանց, նրանց հարազատների, նաեւ հաշմանդամություն ստացած անձանց վարկերը:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ ԿԲ նախագահն ընդգծել է, որ վարկերի ներումը կատարվել է առանց կառավարությունից որեւէ օժանդակություն ակնկալելու:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ 2020-ի հոկտեմբերի 21-ին ընդունված օրենքով հնարավորություն է ընձեռվել, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետեւանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետեւանքով զոհված, անհայտ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները: Փոխկապակցված անձինք են համարվում ամուսինը, համատեղ ապրող ծնողները եւ համատեղ ապրող զավակները:
Պատերազմում զոհված, անհայտ կորած ու հաշմանդամ դարձած անձանց ու նրանց հետ փոխկապակցված անձանց վարկերը ներած բանկերն ու վարկային կազմակերպություններն ազատվում են որոշ հարկային պարտավորություններից։
Բանկերի ու վարկային կազմակեպությունների համար սա հնարավորություն է ներելու վարկային պարտավորությունները, սակայն օրենքով չի կարող դա պարտադրվել: