ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը հայտնել է, որ Հայաստանը միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Թուրքիայի:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ գանգատը վերաբերում է 44-օրյա պատերազմի ընթացքում սիրիացի վարձկաններ հավաքագրելուն եւ Ադրբեջան տեղափոխելու միջոցով կոնվենցիոն խախտումներ թույլ տալուն, ինչպես նաեւ Ադրբեջանին ռազմական օժանդակություն ցուցաբերելուն:
ՀՀ կառավարությունը Թուրքիային մեղադրում է Արցախի եւ ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից եւ անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական եւ ընտանեկան կյանքի եւ մի շարք այլ իրավունքներ խախտելու մեջ:
Ըստ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի`ՀՀ կառավարության գանգատին կից ներկայացվել են տարբեր ապացույցներ Թուրքիայի՝ Սիրիայից Ադրբեջան սիրիացի վարձկաններ հավաքագրելու եւ տեղափոխելու, ինչպես նաեւ ադրբեջանական զինված ուժերին ռազմական տեխնիկա, զենք եւ զինամթերք մատակարարելու եւ այլ միջոցներով հակամարտությանը ներգրավվելու վերաբերյալ։
Մայիսի սկզբին հայաստանյան դատարանի վճռով ցմահ ազատազրկման դատապարտվեց Սիրիայի երկու քաղաքացի: Նրանք մեղադրվել են միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների, վարձկանության հոդվածներով: