Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ ՌԴ ԱԳՆ-ն, մեկնաբանելով Սյունիքում իրավիճակի սրացումը, հայտարարել է, որ Ռուսաստանը ուշիուշով հետեւում է հայ-ադրբեջանական սահմանային միջադեպի հետ կապված իրավիճակին եւ օպերատիվ կապ է պահպանում սահմանապահ ծառայությունների հետ։
Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը շեշտել է, որ ռուսական կողմը Երեւանին եւ Բաքվին ամենաբարձր և գերագույն մակարդակներով կանոնավոր շփումների շրջանակում աջակցություն է ցուցաբերում լարվածության թուլացման հարցում:
ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ ՌԴ-ի՝ հարցին մոտեցման հիմքում բոլոր նման միջադեպերը բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով լուծելու մղումն է։
ՌԴ արտգործնախարարությունը փաստել է, որ երկարաժամկետ լուծում կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը՝ դրան հաջորդած սահմանագծմամբ։ «ՌԴ-ն պատրաստ է այսուհետ եւս ամեն կերպ աջակցելու Հարավային Կովկասի իրադրության կարգավորմանը»,- ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Նշենք, որ այսօր ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ԼՂ խնդրի կարգավորման շուրջ քննարկումներ է ունեցել ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լեւիի եւ ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ: Քննարկվել են իրավիճակը Հարավային Կովկասում, տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցեր, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի խնդրի ու հայ-ադրբեջանական սահմանի իրադրության շուրջ:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է աջակցելու Երեւանին եւ Բաքվին հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցում, այդ թվում՝ քարտեզագրական նյութեր եւ խորհրդատվական ծառայություններ տրամադրելով: