Իտալիայի առողջապահության ազգային ինստիտուտը եւ առողջապահության նախարարությունը հայտարարել են, որ Pfizer, Moderna, AstraZeneca պատվաստանյութերի առաջին դեղաչափը ներարկելուց հինգ շաբաթ անց աշխարհում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերը նվազել են 80 %-ով:
Իտալիան ԵՄ անդամ առաջին երկիրն է, որ զբաղվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների հետազոտությամբ՝ ցույց տալով պատվաստանյութի՝ իմունականխարգելմանն ուղղված իրական ազդեցությունը:
Պատվաստումից՝ առաջին դեղաչափը ստանալուց 35 օր անց գրանցվել է վարակման 80 %, հոսպիտալացման 90 % եւ մահացության 95 % ցուցանիշների նվազում:
Իտալիայի առողջապահության ազգային ինստիտուտը եւ առողջապահության նախարարությունը ուսումնասիրություններ են անցկացրել Իտալիայում պատվաստումները սկսելու առաջին օրվանից՝ 2020-ի դեկտեմբերի 27-ից մինչեւ 2021-ի մայիսի 3-ը 13,7 միլիոն պատվաստվածների շրջանում։
Ուսումնասիրության մեջ ընդգրկված Pfizer-ով եւ Moderna-ով պատվաստվածների 95 %-ը ստացել է երկրորդ դեղաչափը։ AstraZeneca-ով պատվաստվածներից ոչ ոք դեռեւս երկրորդ դեղաչափը չի ստացել, քանի որ դրա համար անհրաժեշտ 12 շաբաթը դեռ չի անցել:
Անցած շաբաթավերջի դրությամբ շուրջ 8,3 միլիոն իտալացի կամ բնակչության 14 %-ն ամբողջությամբ պատվաստվել է, շուրջ 10 միլիոն մարդ ստացել է պատվաստանյութի առաջին դեղաչափը: