Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը նամակ է հղել Իսլանդիայի խորհրդարանի նախագահ Ստեյնգրիմուր Սիգֆուսոնին՝ հորդորելով չընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, որի նախագիծն օրակարգում է։
Ըստ Anadolu գործակալության՝ թուրք օրենսդիրը հայտարարել է, թե Իսլանդիայի խորհրդարան ներկայացված բանաձեւի նախագիծը «կառուցված է անհիմն պնդումների վրա, հարցը վիճահարույց է եւ խորհրդարանների իրավասության ներքո չէ»:
Շենթոփը նամակում պնդել է, որ այդ օրինագիծն օրակարգ է բերվել «որոշ շրջանակների դրդմամբ» եւ կարող է ստվեր գցել թուրք-իսլանդական հարաբերությունների վրա:
Նամակում նա հանգամանորեն շարադրել է պաշտոնական Անկարայի տեսակետը՝ Հայոց ցեղասպանության ժխտող թուրքական քարոզչական թեզերը եւ փորձել դրանք ներկայացնել պատմաիրավական լույսի ներքո։
Նշենք, որ առաջին անգամ Իսլանդիայի խորհրդարան Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ է ներկայացվել 2012-ին։
Իսլանդիայի խորհրդարանի «Շարժում», «Համաձայնություն» եւ «Պայծառ ապագա» կուսակցությունների ղեկավարները երկրի կառավարությանն են ուղարկել «Շարժում» կուսակցության անդամ Մարգարետ Տրիգվադոտիրի հեղինակած՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ առաջարկ: Հետագայում նմանօրինակ եւս երկու բանաձեւ է ներկայացվել։
Իսլանդիայի խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ մտած Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը եւս մշակել են Մարգրետ Տրիգվադոտիրը եւ մի խումբ այլ պատգամավորներ, այն քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։