Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է, որ աշխարհը թեւակոխել է պատվաստանյութային խտրականության փուլ։ Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն անհավասարաչափ է բաշխվում ամբողջ աշխարհում: Դեկտեմբերին առաջին պատվաստանյութի հաստատումից հետո դեղամիջոցների մեծ մասը հասել է հարուստ երկրներին:
Ընդամենը 0.3 տոկոս
Ըստ ԱՀԿ ղեկավարի՝ պատվաստանյութի մատակարարումն աղքատ երկրներին խիստ անհրաժեշտ է, քանի որ այդ երկրներում բավականաչափ դեղամիջոցներ չկան անգամ բուժաշխատողներին պատվաստելու համար:
ԱՀԿ գլխավոր քարտուղար Թեդրոս Ադանոմն իր հերթին հայտարարել է, որ կորոնավիրուսի մուտացիային զուգահեռ պատվաստանյութի միայն 0.3 տոկոսն է տրամադրվել աղքատ երկրներին, եւ այդ առումով հարուստ երկրների քաղաքականությունն արդյունավետ չէ համավարակի դեմ պայքարում:
Ադանոմը չի նշել կոնկրետ երկրների անուններ, սակայն հայտնի է, որ ԱՄՆ-ն եւ մի շարք եվրոպական երկրներ գնել են պատվաստանյութի մեծ չափաբաժիններ, եւ այդ քանակը գերազանցում է տվյալ երկրների բնակչության թիվը:
Երեխաներն իմունիտետ ունեն, աղքատ երկրները՝ ոչ
ՄԱԿ-ին կից առողջապահական կառույցը՝ ԱՀԿ-ն, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մեծ պաշար ունեցող երկրներին հորդորել է չպատվաստել երեխաներին, փոխարենը դեղորայքը կիսել աղքատ երկրների հետ։
Այդ կոչին արդեն արձագանքել է Միացյալ Նահանգները։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ամերիկան պատրաստ է բաժանելու պատվաստանյութի 80 միլիոն չափաբաժին կամ իր պահուստների 13 տոկոսը։
123,8 միլիոն մարդ՝ լիովին պատվաստված
ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը հայտարարել է, որ բնակչությանը կորոնավիրուսի դեմ պատվաստելու համար արդեն օգտագործվել է ավելի քան 274,4 մլն դեղաչափ:
Կենտրոնի տվյալներով ավելի քան 157, 8 մլն մարդ ստացել է սահմանված երկու չափաբաժնից մեկը, ավելի քան 123,8 մլն մարդ պատվաստվել է լիովին։
Միացյալ Նահանգներում կիրառվում են Moderna-ի եւ Pfizer-ի պատվաստանյութերը, որոնք պատվաստվում են երկու չափաքանակով, ինչպես նաեւ Johnson & Johnson-ի միանգամյա պատվաստանյութը:
Ավելի վաղ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու չափաքանակ ստացած ամերիկացիները կարող են դիմակ չդնել:
Հասանելի է 176 երկրում
Կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը համարվում է աշխարհի պատմության մեջ ամենախոշորը։ Bloomberg-ը նշել է, որ վարակի դեմ պատվաստանյութը հասանելի է 176 երկրում։
Աշխարհում ավելի քան 162 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, մահացել է ավելի քան 3 միլիոն մարդ: