Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Դուշանբեում հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է միջնորդ դառնալ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանագծման հարցում:
Լավրովը նշել է, որ կողմերի հետ նախնական պայմանավորվածությամբ ՌԴ-ն առաջարկել է աջակցել սահմանագծման ու սահմանազատման հարցում: Դրա համար կարելի է ստեղծել հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով, որն էլ կլուծի այդ հարցերը, իսկ Մոսկվան խորհրդատուի կամ միջնորդի դեր կստանձնի։
Լավրովն ասել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները նախօրեին Հայաստանի խնդրանքով ոչ պաշտոնապես քննարկել են Սյունիքի մարզում տիրող իրավիճակը։
«ՌԻԱ Նովոստի»-ն նշել է, որ Սյունիքի մարզի ավտոճանապարհների որոշ հատվածների անվտանգությունն ապահովում են ռուս սահմանապահները: Պայմանավորվածության համաձայն՝ նրանք վերահսկում են Գորիս-Դավիթ Բեկ եւ Գորիս-Կապան հատվածները, որոնք անցնում են խնդրահարույց տարածքներով: Նախքան ռուսական զորախմբի հայտնվելը կողմերը ճշգրտել են ժամանակավոր մարտական դիրքերի տեղակայման կետերը: