Ըստ իրանական Parstoday գործակալության՝ ռուսաստանցի պատմաբան, քաղաքագետ Օլեգ Կուզնեցովն ադրբեջանական լրատվամիջոցներով հեռարձակված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իր տեղեկություններով Ստեփանակերտից դուրս են բերվել հայկական զինված ուժերն ու ռազմական տեխնիկան, եւ նշել, որ տեղեկությունը դեռ հաստատված չէ:
«Նույնիսկ եթե հրապարակված տվյալներն ու պատկերները ճիշտ են, դա նշանակում է, որ ներկայում Հայաստանում զորքերի եւ ռազմական տեխնիկայի պակաս կա, եւ նրանք փորձում են վերահսկել իրավիճակը Հայաստանի ներսում եւ հավասարակշռություն հաստատել այնտեղ»,- ընդգծել է ռուս փորձագետը:
Կուզնեցովը նաեւ նշել է, թե իր համար ակնհայտ է, որ ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանն ու Անվտանգության խորհրդի նախագահ Վիտալի Բալասանյանը «Մոսկվայի հրահանգները կատարելուց զատ այլ ելք չունեն»:
Նշենք, որ երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Պաշտպանության բանակը կա, մնալու է եւ կդառնա ավելի մարտունակ:
Նա ընդգծել է, որ առավելագույն ջանք է ներդրվելու Արցախի անվտանգային համակարգի հետեւողական ու արագ բարելավման համար:
«Մենք հանդես ենք գալիս արժանապատիվ ու կայուն խաղաղության օրակարգով, սակայն դրա համար անհրաժեշտ են նաեւ անվտանգային երաշխիքներ»,- ասել է Արցախի նախագահը՝ նշելով, որ նախատեսված բարեփոխումների արդյունքում ձեւավորվելու է պրոֆեսիոնալ բանակ, որտեղ կարեւոր դերակատարություն են ունենալու պայմանագրային զինծառայողները: