Agence France-Presse-ը հայտնել է, որ Եվրամիության անդամ պետությունները համաձայնության են եկել պատվաստված զբոսաշրջիկներին ԵՄ տարածք մուտքի թույլտվության շուրջ:
Սահմանների բացման եւ դրա հետ կապված պատվաստման հավաստագրերի թեման մայիսի 25-ին Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարների արտահերթ գագաթնաժողովի հիմնական թեմաներից է լինելու:
Եվրոպական մի շարք երկրներ արդեն իսկ բացել են սահմանները եվրոպական երկրների մեծ մասի համար։
Պորտուգալիան մայիսի 17-ից սահմանները բացել է ԵՄ երկրների, Շենգեն գոտու մեջ մտնող պետությունների, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի համար։ Սահմանափակումները կշարունակեն գործել Հարավաֆրիկյան Հանրապետության, Բրազիլիայի, Հնդկաստանի, Կիպրոսի, Խորվաթիայի, Լիտվայի, Նիդերլանդների ու Շվեդիայի համար:
Չեռնոգորիան հայտարարել է, որ «Բարի գալուստ Չեռնոգորիայի ծովափ» խորագրով կբացի սահմանները աշխարհի բոլոր պետությունների զբոսաշրջիկների առջեւ: Երկրի իշխանությունները մարտի վերջին հայտնել էին, որ Sputnik V-ով պատվաստված եւ պատվաստման վկայագիր ներկայացնող ռուսները կարող են այցելել Չեռնոգորիա։
Թարմացում.
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Եվրախորհրդարանն ու Եվրամիության խորհուրդը չեն կարողացել համաձայնության գալ Եվրամիությունում պատվաստման հավաստագրերի ներդրման հարցի շուրջ:
«Դժբախտաբար, բանակցությունների երրորդ փուլում Խորհուրդը եւ Եվրախորհրդարանը մի քանի անդամ պետությունների դիրքորոշման պատճառով չկարողացան ընդհանուր հայտարարի գալ կորոնավիրուսի դեմ պատվաստման եվրոպական հավաստագրերի առաջարկվող դրույթի շուրջ»,- նշված է Եվրոպայի ժողովրդական կուսակցության տարածած հաղորդագրության մեջ: