Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Միացյալ Նահանգների պետքարտուղարության վերջին հայտարարությանը: Թուրքիայի արտաքին գերատեսչությունը պաշտոնական Վաշինգտոնին կոչ է արել «նախագահ Էրդողանի դեմ մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն վերջ տալու քաղաքացիական բնակչության դեմ Իսրայելի հարձակումներին»։
Պետդեպը մեկնաբանել էր Թուրքիայի նախագահի՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը վերաբերող վերջին հայտարարությունները՝ դրանք «հրեատյացություն» որակելով։
«Ամբողջությամբ ժխտում ենք մեր նախագահի հասցեին հնչեցված մեղադրանքները։ Կոչ ենք անում ամերիկյան վարչակազմին մեր առաջնորդների դեմ անհիմն ու անարդար մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն փորձել կանգնեցնել քաղաքացիական բնակչության դեմ Իսրայելի կողմից ձեռնարկվող հարձակումները»,- նշված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում։
Թուրքիայի իշխող Արդարության եւ զարգացման կուսակցությունը եւս դատապարտել է ԱՄՆ պետքարտուղարության կողմից Թուրքիայի նախագահին ներկայացված հրեատյացության մեղադրանքները։
Կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիկը թվիթերյան գրառման մեջ նշել է. «Մենք վճռականապես դատապարտում ենք ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը մեր նախագահի հասցեին։ Մեր նախագահին հրեատյացության մեջ մեղադրելը անխոհեմ եւ սխալ մոտեցում է։ Մեր նախագահի մասին ասվածը սուտ է։ Մեր նախագահը հանդես է եկել հրեատյացության դեմ շատ վճռական կոչերով եւ շարունակում է նույնն անել։ Նա հրեատյացությունը եւ իսլամատյացությունը դասում է ատելության հիմքով հանցագործությունների շարքին, որոնց դեմ հարկավոր է պայքարել»: