Իմ գյուղը իմ հայրենիքն է, իմ օդը, իմ ջուրը, իմ մանկությունը, իմ ծննդավայրը, իմ ներկան ու ապագան։ Իմ գյուղը շատ քչերին է հայտնի, այն մի փոքրիկ անկյուն է, որտեղ ես ապրել եմ տասնվեց տարի։
Ես ուղղակի պաշտում էի իմ ծննդավայրը, այն այնքան գեղեցիկ է, որ ես հիմա ինչքան էլ փորձեմ գեղեցիկ բառերով նկարագրել, միեւնույնն է, չի ստացվի։ Ես ուր գնացել եմ, մեկ է, ետ եմ եկել իմ տուն, այնտեղ շատ հանգիստ էի, ամեն վերադառնալուց վայելում էի իմ գյուղի բարիքները, ամեն ինչ շատ լավ էր մինչեւ սեպտեմբերի 27-ը։ Այդ օրը, երբ սկսվեց պատերազմը, ես դեռ ոչինչ չէի գիտակցում, ես գիտեի, թե տասն օրից կավարտվի ամեն ինչ, սակայն եղավ հակառակը։ Սեպտեմբերի 27-ին դուրս եկա իմ գյուղից արցունքները աչքերիս, լաց էի լինում ու խնդրում մայրիկիս, որ չգամ Հայաստան, բայց մայրս ինձ սաստեց, եւ ես լուռ հեռացա իմ գյուղից։ Ես այնտեղ թողեցի ամեն ինչ։ Իմ տասնվեց տարվա պատմությունը մնաց այնտեղ։ Երբ եկա Հայաստան, ամեն օր մտածում էի, որ դա վերջին օրն է, որ այստեղ եմ, սակայն այդպես չեղավ։ Ինչպես սեպտեմբերի 27-ին արթնացա վատ լուրից, այնպես էլ նոյեմբերի 9-ին։ Ես դողում էի, չէի հավատում այդ լուրին, իմ գիտակցության մեջ չէր մտնում այն փաստը, որ ես կորցրել եմ ամեն ինչ։ Ես սկզբի մի քանի օրը շատ թեթեւ էի տանում ամեն ինչ, սակայն մի քանի օր հետո սկսեցի զգալ այդ ցավը, հասկանալ կորուստը։ Ամեն ինչ շատ վատ է, շատ։ Ես օր ու գիշեր տառապում եմ, ամեն ինչ իմ աչքի դիմաց է՝ թե՛ քարը, թե՛ ծառը, թե՛ ջուրը, թե՛ կենդանիները, ամեն-ամեն ինչ ես զգում եմ, ու ոչինչ չի լինում մոռանալ։ Ես հոգնել եմ ինքս ինձ խաբելուց, պարզապես հոգնել եմ։ Ես կիսատ եմ առանց իմ տան։
Կռվից անցել է շուրջ վեց ամիս, իսկ ես Արցախից հեռացել էի վեց ամիս առաջ։ Կարոտը խեղդում էր ինձ, ես չէի դիմանում հոգուս ցավին։ Ես խնդրեցի եղբորս, որ Արցախ գնա, ինձ էլ հետը տանի՝ մտածելով, թե դա կօգնի ինձ ազատվելու իմ հոգեբանական խնդիրներից։ Սակայն կրկին սխալվեցի․ երբ գնացի Արցախ, դողում էի, այդ դողը ես միշտ զգացել եմ, երբ Հայաստանից գնում էի Հադրութ։ Բայց հիմա ամեն բան ուրիշ էր։ Ես հասա Ստեփանակերտ, տեսա իմ վիրավոր Շուշին, որն այլեւս մերը չէ։ Ես ցավ էի զգում, միայն ցավ։ Շատ դժվար էր ինձ համար, բայց եւ փորձեցի վերականգնել ինձ, սակայն չստացվեց։ Ես խեղդվում էի այնտեղ, լաց էի լինում գիշերները, որովհետեւ շատ ծանր էր այն փաստը, որ ինձնից ընդամենը վաթսուն կիլոմետր հեռվորության վրա է գտնվում իմ գյուղը։ Ես այնտեղ հինգ օր մնացի, բայց խոր վշտով ու կարոտով։ Ես երբեք չեմ կարողանա ապրել Ստեփանակերտում, չեմ կարողանա։ Ինձ շատերն են ասել, թե կարեւորն այն է, որ իմ հողում եմ, բայց, ո՛չ, ինձ հանգիստ չի տալիս այն փաստը, որ իմ գյուղն այլեւս իմը չէ։
Ես իմացա, որ իմ գյուղում, իմ տան մեջ թուրքերը սպանել են վեց հայ զինվորի։ Քիչ էր մնում խելագարվեի, ահավոր էր այդ տեսարանը, որ ես տեսա։ Ես չէի հասկանում՝ ինչ է կատարվում ինձ հետ։ Այդ պահին վերքս ավելի խորացավ ու սկսեց ավելի ուժգին ցավել։
Ինձ համար շատ դժվար է հիմա զգացմունքներս հանձնել թղթին, որովհետեւ այն ցավը, որ իմ մեջ կա, չեմ կարող ուղղակի գրել թղթի վրա։ Ես կարող եմ անվերջ խոսել, միեւնույնն է, իմ մեջ ոչինչ չի փոխվի։ Ես հիմա ապրում եմ հույսով, այն հույսով, որը ինձ ուժ է տալիս ապրելու։ Չգիտեմ, միգուցե մի օր կվերադառնամ իմ գյուղ։ Ես երբեք չեմ կորցնի իմ հույսը, կապրեմ կարոտով ու սպասումով։
Ես շատ եմ կարոտում քեզ, իմ Հադրութ, իմ Հակակու, իմ տուն։ Դու միշտ իմ սրտում ես եւ կմնաս այնտեղ հավիտյան։
Իմ սիրելի, իմ հարազատ գյուղ, սիրում եմ քեզ շատ՝ քո բոլոր խնդիրներով ու հոգսերով հանդերձ․․․ ամենագեղեցիկը, ամենայուրահատուկն ու լավը։
Մարդկանց ո՞նց բացտրել, որ ոչ թե «հող» ես կորցրել, այլ մանկություն ու հիշողություններ ես կորցրել, անցյալ, ներկա ու ապագա ես կորցրել, հույսեր, նպատակներ ու երազանքներ ես կորցրել, հայրենիք ես կորցրել, հոգու անդորր ես կորցրել, քուն ու հանգիստ ես կորցրել․․․ ուրիշների մոտ երջանիկ լինելու իրավունքն ես կորցրել․․․ ամեն, ամեն ինչ կորցրել ես։
Ու անբացատրելին այն է, որ չգիտես՝ կգտնես դրանք մի օր, թե հավիտյան ես կորցրել:
Հադրութի շրջանի Հակակվի հիմնական դպրոց, 11-րդ դասարան
«Վերադարձ դեպի Դիզակ» հասարակական կազմակերպությունը, Ալիք Մեդիան եւ «Անալիտիկոն» հանդեսը դիմել են Արցախի Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ երեխաների՝ առաջարկելով շարադրել հայրենի բնակավայրերի մասին իրենց հուշերն ու վերապրումները։ Ալիք Մեդիան ամենօրյա պարբերականությամբ կհրապարակի հադրութցի երեխաների շարադրությունները։ Հեղինակները կպարգեւատրվեն մրցանակներով եւ խրախուսական նվերներով։