Փաշինյանը երբեք կանխատեսել ու պլանավորել չի կարողացել։ Միշտ էլ զարգացումների հետեւից է վազել։ Եթե ընդդիմադիր եղած շրջանում նրա այս որակն իր անձնական խնդիրն էր, ապա իշխանության ղեկը ստանձնելուց հետո պետության անվտանգության հարց դարձավ ու, վերջին հաշվով, աղետալի հետեւանքների հանգեցրեց։
Իշխանության գալուց անմիջապես հետո բոլոր կողմերից հուշում էին նրան, որ բանակցությունները ոչ միայն պետք է շարունակել, այլև հաշվի առնելով սեփական լեգիտիմության հսկայական պաշարը՝ դրանց պետք է նոր թափ ու նոր որակ հաղորդել։ Ասվում էր, որ միջազգային հանրությանն ավելի հասկանալի լինելու ակնկալիքով պետք է որդեգրել «անջատում հանուն փրկության» բանաձեւը։ Իսկ նա, տարված սեփական բացառիկության միֆով, ոչ մի հորդոր չէր լսում։ Ոչ միայն առաջարկված բանաձեւը չընդունեց, այլև իր վարքագծով բուն բանակցությունները, փաստորեն, փակուղի մտցրեց։
Ի պաշտոնե հնարավորություն ունենալով ու ծանոթանալով 2017-ին պատվիրված ուսումնասիրությունների արդյունքներին, որտեղ ասվում է, որ Հայաստանն իր հնարավորություններով 1/10 հարաբերությամբ, իսկ Փաշինյանի անձնական գնահատմամբ՝ 1/20 հարաբերությամբ զիջում է Ադրբեջանին՝ չի հասկացել, որ սա ահազանգ է։ Պոռոտախոսությունից հրաժարվելու, ուշքի գալու, տրամաբանական քայլեր ձեռնարկելու ահազանգ։
2020-ի հունիսին, տեղեկանալով, որ մեր բանակը գալիք պատերազմին անպատրաստ է, ամբոխահաճության մոլուցքին տրված ռազմատենչ հայտարարություններ էր անում, աջ ու ձախ կոչումներ ու շքանշաններ ցփնելով ու արժեզրկելով դրանք՝ տավուշյան միջադեպը որպես լուրջ պատերազմ էր ներկայացնում, Սեւրի պայմանագիրն էր թափահարում։
44-օրյա պատերազմի առաջին օրերին, բախվելով մեր ու հակառակորդի հնարավորությունների տարբերության ակնառու փաստին, կանգ առնելու ոչ մի քայլ չի ձեռնարկել։ Հակառակը՝ էլ ավելի խորն է մխրճվել պատերազմի հորձանուտ եւ պատերազմով խնդիրը լուծել ծրագրած հակառակորդին իր ծրագիրն իրականացնելու հնարավորություն է ընձեռել։
Ավելի ուշ, ռազմաճակատում ստեղծված աղետալի իրավիճակի մեջ բեկում մտցնելու անիրական հույսերով տարված, ձգել ու ձգել է։ Մարտակոչեր էր հնչեցնում։ Բանակ ունեցող երկրի ղեկավար լինելով՝ կամավորական ջոկատներ կազմելու կոչեր էր անում։ Քաղաքացիական մարդկանց, զինվորական գործից հեռու մարդկանց, զենքից անտեղյակ մարդկանց հայրենասիրական զգացմունքները շահարկելով՝ նրանց մարտադաշտ էր ուղարկում։ Նորակոչիկներին էր առաջնագիծ ուղարկում։ Եվ մինչեւ պատերազմի վերջին օրը ստում էր ու ստում։ Այդ կանխամտածված սուտը, որ անպատկերացնելի նենգությամբ մշակվում ու ամեն օր հսկայական չափաբաժնով հանրությանն էր նետվում՝ մեր պարտությանն ու մեր կորուստներին զավեշտի գույներ է հաղորդում ու մեզ էլ ավելի պարտված է դարձնում։
Իր մերժողականության, անհետեւողականության ու անխոհեմության հետևանքով արձանագրված պարտությունից հետո է միայն, երբ փրկելու բան արդեն, ըստ էության, չի էլ մնացել, սկսում խոսել «անջատում հանուն փրկության» բանաձեւից։
Միայն ջախջախիչ պարտության փաստին դեմ առնելուց հետո է սկսում խոսել այն մասին, որ Հայաստանի ու Ադրբեջանի տնտեսական ու ռազմական հնարավորությունների ահռելի տարբերությունը չէր կարող որոշիչ չլինել։ Որ առանց կազմակերպված ու գերժամանակակից զենքերով զինված բանակի հաղթանակ ապահովել հնարավոր չէր։
Այսքանով հանդերձ՝ իր մեղքն ընկալել չի պատրաստվում։ Չի ընդունում, որ ակնհայտ փաստերը համադրել ու վտանգավոր զարգացումներից խուսափել չի կարողացել։ Որ մերժել է արժեքավոր խորհուրդները։ Որ ժամանակ է վատնել ու 2018-ի ընձեռած հնարավորությունները չի օգտագործել։ Իրեն մեղավոր չի համարում։ Եթե կան բազմաթիվ մեղքերի մեջ թաղված նախկինները, ապա մեղքի իր բաժինը եւս կարելի է բարդել նրանց ուսերին, ինչն էլ, առանց աչքը թարթելու, անում է։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։