Եվրախորհրդարանի պատգամավորները բանաձեւ են պատրաստել՝ կոչ անելով Ադրբեջանին՝ ազատ արձակելու Հայաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ զինվորականներին, որոնք գերեվարվել կամ ձերբակալվել են արցախյան վերջին պատերազմի ժամանակ կամ դրանից հետո։
Խորհրդարանականները հակամարտության երկու կողմերին հորդորել են լիովին պահպանել նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, որը ենթադրում է ռազմագերիների, պատանդների եւ այլ ձերբակալվածների փոխանակում, ինչպես նաեւ մարտական գործողությունների հետեւանքով զոհվածների մարմինների փոխանցում:
Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Ադրբեջանի կառավարությանը՝ ներկայացնելու այդ հակամարտության շրջանակում իր տարածքում պահվող բոլոր անձանց ամբողջական ցուցակը, հստակեցնելու նրանց գտնվելու վայրի եւ առողջական վիճակի մասին տեղեկությունները:
«Խորհրդարանը լուրջ մտահոգություն է հայտնում, որ հայ ռազմագերիները եւ այլ քաղաքացիներ պահվել եւ պահվում են ոչ պատշաճ պայմաններում, ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի եւ կտտանքների»,- նշվում է ԵԽ ամփոփիչ բանաձեւի նախագծում:
Եվրախորհրդարանը նշել է, որ այժմ Հայաստանում պահվող ադրբեջանցի ռազմագերիների վերաբերյալ հավաստի տվյալներ չունի:
Եվրախորհրդարանի հերթական լիագումար նստաշրջանն անցկացվում է մայիսի 17-21-ը, արդյունքների մասին կհայտարարվի մայիսի 22-ին։
Եվրոպական խորհրդարանի բանաձեւերը հռչակագրային բնույթ ունեն, բայց Եվրամիության մյուս ինստիտուտները պարտավոր են հաշվի առնել պատգամավորների կարծիքը։