ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ մայիսի 20-ին միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ՀՀ տարածքը հատած ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ։
Ժամը 15:00-ի սահմաններում մի քանի տասնյակ կրակոց է արձակվել, ենթադրաբար՝ օդ, ինչից հետո հայկական ստորաբաժանումները նախազգուշացնող կրակ են բացել։
Ըստ ՊՆ հաղորդագրության՝ ադրբեջանցի զինվորականների հրամանատարը կապ է հաստատել հայկական ստորաբաժանման հրամանատարի հետ, խնդրել դադարեցնել կրակը, ներողություն խնդրել եւ հայտնել, որ կրակոցները պատահականության արդյունք են։
«ՀՀ ԶՈՒ-ն նախազգուշացնում է, որ նմանօրինակ միջադեպերի կրկնությունը կդիտարկվի որպես առճակատման գնալու միտումնավոր փորձ եւ կհանգեցնի հայկական կողմի համապատասխան գործողություններին»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։