ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով մուտք չգործելու սահմանային հատվածներ, որտեղ տեղի են ունեցել ադրբեջանական զինված ուժերի սադրանքները:
Պն-ն նշել է, որ վերջին օրերին արձանագրվում են դեպքեր, երբ անհատ քաղաքացիներ, տարբեր պաշտոնյաներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ փորձում են մուտք գործել Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանային այն հատվածներ, որոնց ուղղությամբ տեղի են ունեցել ադրբեջանական զինված ուժերի սադրանքները:
ՊՆ-ն հորդորել է, անվտանգության նկատառումներից ելնելով, ձեռնպահ մնալ հիշյալ տարածքներ ուղեւորություններից, որտեղ ՀՀ ԶՈՒ-ի կողմից շուրջօրյա ռեժիմով իրականացվում է մարտական ծառայություն։
«Ինչպես ավելի վաղ հայտարարվել է, ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության դեպքում ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծելու ցանկացած, այդ թվում նաեւ ուժային տարբերակով։ Այս պարագայում քաղաքացիական անձանց ներկայությունը կարող է միայն խանգարել հայկական ստորաբաժանումներին՝ լիարժեք կատարելու իրենց առջեւ եղած խնդիրները։
Տեղում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության եւ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ուժերին հրահանգված է բացառել քաղաքացիական անձանց մուտքը հիշյալ տարածքներ։
Կոչ ենք անում ըմբռնումով մոտենալու այս սահմանափակումներին եւ անհարկի խնդիրներ չառաջացնելու զինված ուժերի համար»,- նշված է ոստիկանության տարածած հայտարարության մեջ։